
Կարմրուկի համաճարակ Վրաստանում. բնակչությանը հորդորել են պատվաստումներ անել

Վրաստանի Հիվանդությունների վերահսկողության եւ հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հայտարարել է, որ երկրում համաճարակաբանական բռնկում է, եւ «կարմրուկը գրոհում է մեզ վրա»: Այդ մասին հայտնել է Imedi հեռուստաընկերությունը:
Վերջին տվյալներով՝ Վրաստանում արձանագրվել է 268 դեպք: Հիվանդացածների շուրջ 70 տոկոսը բաժին է ընկնում Աջարիային: Միայն վերջին շաբաթվա ընթացքում այստեղ 48 նոր դեպք է գրանցվել:
«Առանձնապես շատ դեպքեր են գրանցվում Աջարիայում՝ 65 – 70 տոկոսը կենտրոնացված է հենց Աջարիայում, բայց դրանց թվաքանակը մեծանում է նաեւ Թբիլիսիում»,- հայտարարել է Գամկրելիձեն:
Կենտրոնի ղեկավարը բնակչությանը հորդորել է պատվաստումներ անել կարմրուկի դեմ եւ պաշտպանել ինչպես իրենց, այնպես էլ ապագա սերնդին:
Կարմրուկն ամենավարակիչ հիվադնություններից մեկն է, որը փոխանցվում է օդա-կաթիլային ուղիով: