
Կնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագով Yesh Atid կուսակցությունը կշարունակի պայքարը

Իսրայելի ընդդիմադիր Yesh Atid կուսակցությունը, որի առաջնորդ Յաիր Լապիդը փետրվարի 14-ին երկրի խորհրդարանում քննարկման էր ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, հաստատակամ է այս հարցում պայքարը շարունակելու գործում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ բացառիկ զրույցում ասաց կուսակցության ղեկավարի խոսնակ Յաիր Զիվանը:
«Մենք շարունակելու ենք պայքարը՝ հանուն Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման: Դա ճիշտ և բարոյական քայլ է, որը պետք է անենք»,- ասաց Յաիր Զիվանը:
Yesh Atid կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը փետրվարի 14-ին Կնեսետում ներկայացրել էր Հայոց ցեղասպանության օրը նշելու մասին օրինագիծ, որը, սակայն, չընդունվեց՝ 41 դեմ, 28 կողմ ձայներով:
Օրինագծի քննարկման ժամանակ Լապիդը նշել էր. «Չկա պատճառ, որի համար Կնեսետը, որը ներկայացնում է Հոլոքոստի միջով անցած մի երկիր, չճանաչի Հայոց ցեղասպանությունն ու դրան նվիրված հիշատակության օր չունենա»:
Հայոց ցեղասպանության օրը նշելու մասին օրինագիծն առաջին անգամ էր դրվել Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսետի լիագումար նիստի քննարկմանը։ 2016թ. Կնեսետի կրթության հարցերի հանձնաժողովը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
Արաքս Կասյան