12 կարևոր օրենք՝ հոգեբանության դոկտոր Վալերի Ռոզանովից
Հոգեբան Վալերի Ռոզանովին իմանալով՝ թույլ չեք տա, որ մարդիկ կառավարեն ձեզ:
1. Քեզ պետք է, դու էլ արա…
Ամեն անգամ, երբ խոսքի մեջ հնչում է՝ «պետք է», երբ խոսք է գնում պարտքի կամ պարտավորությունների մասին, արժե տալ հետևյալ հարցը՝ «իսկ ո՞ւմ է դա պետք»:
Մանիպուլյատորները չեն սիրում խոսել այն մասին, որ ցանկացածը պետք է նախ և առաջ իրենց: Օրինակ, ծնողների՝ մանիպուլյացիաներից զերծ «դու պետք է աշխատանք գտնես» արտահայտությունը կհնչի հետևյալ կերպ՝ «Ինձ պետք է, որ դու դադարես նստել իմ վզին ու գնաս աշխատելու»: Իսկ քանի դեռ դա չի ասվում, զավակի համար հարմարավետ է ծնողի վզին նստելը:
2. Մի խոստացիր, իսկ եթե խոստացել ես, կատարի՛ր:
Հիշեք, թե որքան հաճախ եք դուք այլ մարդկանց ճնշման ներքո տվել չմտածված խոստումներ: Մանիպուլյատորը հատուկ կդրդի ձեզ չմտածված խոստումներ տալ, իսկ հետո էլ շահագործել ձեր մեղքի զգացումը: Պարզապես մի խոստացեք, բայց եթե արդեն իսկ խոստացել եք, կատարեք ձեր խոստումը: Այդ կերպ հաջորդ անգամ խոստանալուց առաջ դուք մի փոքր երկար կմտածեք ու ձեզ վրա միգուցե լրացուցիչ պարտավորություններ չեք վերցնի:
3. Եթե չեն խնդրում, մի խցկվիր…
Հաճախ է պատահում, որ մենք, բարի նպատակներ ունենալով, միայն ավելի մեծ խնդիրներ ենք ստեղծում: Մեզ պարզապես օգնության խնդրանքով չեն դիմել: Իսկ հետո մեր ջանքերն ընդունվում են այնպես, կարծես հենց այդպես էլ պիտի լիներ: Ավելի վատ է, երբ մի մարդու փոխարեն՝ խնդրում է մեկ ուրիշը: Այդ իրավիճակում օգտակար լինելով՝ մենք խախտում ենք նաև «Քեզ պետք է, դու էլ արա« օրենքը: Իսկ եթե ձեզ համար ակնհայտ է, որ մարդն օգնության կարիք ունի, օգտվեք հնարավորությունից ու փորձեք հասկանալ, թե պատրա՞ստ է նա արդյոք ընդունել այդ օգնությունը հենց ձեզնից:
4. Մի մերժիր խնդրանքը…
Ցանկացած խնդրանք ենթադրում է շնորհակալություն: Մանիպուլյատորներին հատուկ է դատարկ խոստումներ տալը կամ մոռանալն իրենց արված լավությունների մասին: Կատարեք խնդրանքը, բայց մի ամաչեք պահանջել պատասխան ծառայություն:
5. Ապրիր ներկայով, այլ ոչ՝ անցյալով կամ ապագայով…
Սա ամենակարևոր օրենքներից է: Այն օգնում է հեշտությամբ քանդել ձեր անցյալի հետ ինքներդ ձեզ համեմատելու մանիպուլյացիան: Մենք երբեք չենք ուզում լինել ավելի վատը, քան կանք: Դրանից հաճախ օգտվում են ուրիշները: Օրինակ՝ «առաջ դու այդպիսին չէիր» մանիպուլյացիան հեշտորեն քանդվում է «առաջ՝ առաջ էր» նախադասությամբ: Հիասքանչ ապագայի վերաբերյալ խոստումները դադարում են «Դա՝ հետո, իսկ ի՞նչ եք հիմա դուք կոնկրետ առաջարկում» հարցից հետո:
6. Մի կապվիր…
Մենք հաճախ մեծ կապվածություն ենք ունենում ինչ-որ մարդու, առարկայի կամ զբաղմունքի հետ: Որքա՞ն այդ կապվածությունը կարող է ուժեղ լինել՝ մեր հոգեկան հավասարակշռության համար սպառնալիք չստեղծելով: Յուրաքանչյուրն այս հարցի իր պատասխանն ունի: Միայն հիշեք: Այս զգայական կապերի օգնությամբ ձեզ հեշտությամբ կարելի է շանտաժի ենթարկել: Թույլ մի տվեք, որ ձեր ընտանիքի անդամները տնային ահաբեկիչներ դառնան ձեզ համար:
7. Նպատակներ մի դիր…
Սա ինձ համար ամենատարօրինակ օրենքն էր: Ինձ համար կարևոր է նպատակասլաց լինելը: Այս իմաստնությունը հասկանալու համար ինձ որոշ ժամանակ պետք եղավ: Եթե ճիշտ նպատակ չի դրված, ապա նրան հասնելուց հետո դատարկության զգացում է մնում:
Այդ պատճառով ինքներդ ձեզ ու այն մարդկանց, ովքեր դրդում են, որ դուք նպատակներ դնեք ու կատարեք, միշտ հարցրեք՝ իսկ ի՞նչ կլինի հետո: Որպես օրինակ՝ բերեմ բոլոր ծնողների սիրած արտահայտություններից մեկը. «Դու պետք է բարձրագույն կրթություն ստանաս»: Լավ, իսկ հետո ի՞նչ: Ռիելթոր, առևտրային խորհրդատու լինել կամ սեփական բիզնես հիմնել կարող ես նաև առանց բարձրագույն կրթության:
8. Մի խանգարիր…
Բոլոր օրենքներից հանճարեղագույնը: Այն կարելի է և պետք է օգտագործել և ինքդ քո նկատմամբ, և ուրիշների: «Մի խանգարիր, խնդրում եմ» արտահայտությունը կարող է հրաշքներ գործել: Գլխավորն այն է, որ դա ասես նախքան նյարդայնանալդ:
9. Բնությունը վատ եղանակ չունի…
Սա փիլիսոփայական մեծ պոտենցիալ ունեցող օրենք է: Այն սովորեցնում է օգտագործել ցանկացած հնարավորություն, այդ թվում՝ նաև սեփական բացթողումներդ: Ձեզ շրջապատող շատ մարդիկ ուրախ կլինեն հիշեցնել ձեզ ձեր անհաջողությունների մասին, կամ դժգոհել ու բողոքել, թե որքան վատ է ամեն բան: Այս մոտեցման օգնությամբ հեշտ է ազդել ձեր տրամադրության վրա: Այս դեպքերում հիշեք՝ չկա վատ կամ լավ բան. կա միայն ձեր վերաբերմունքը երևույթի նկատմամբ:
10. Մի մեղադրիր ու մի քննադատիր…
Իհարկե, երբեմն շատ բարդ է ուրիշներին քննադատելու գայթակղությանը դիմանալը: Միայն թե այդ քննադատությունը ոչ ոքի պետք չէ, ոչ ձեզ, ոչ ձեզ շրջապատողներին: Հիշեք այդ մասին: Երբ ձեզ հերթական անգամ կմեղադրեն, լսեք, բայց պատասխան քննադատությամբ հանդես մի եկեք: Նման դատավորների համար այդպիսի դեպքերում կա հարցերի շրջանակ, որոնցից են՝ «Եվ ի՞նչ է դրան հետևում», «Իսկ ինչպե՞ս ես դու առաջարկում լուծել այս իրավիճակը», «Ինչո՞ւ ես դու կարծում, որ իրավիճակի քո գնահատականն է ամենաճիշտը»: Իսկ ավելի լավ է՝ բանի տեղ մի դրեք նման խոսակցությունները:
11. Ինֆորմացիա մի փոխանցիր, եթե այն արդեն իսկ չես դարձրել քո փորձը, հմտությունը կամ ունակությունը:
Եթե դուք չեք ստուգել ինֆորմացիան, որ պիտի տարածեք, ապա դուք վերածվում եք բամբասողի: Որպես հետևանք՝ ձեր ասածներին դադարում են հավատալ: Դրանից հաճույքով կօգտվեն ձեր վատը կամեցողները: Ուրիշ մարդկանց հետ շփվելով՝ հստակեցրեք, թե հենց ինչպես են նրանք ստուգել այն ինֆորմացիան, որը փոխանցում են ձեզ: Մեծ մասն այն ընդհանրապես որևէ կերպ չի ստուգում՝ դառնալով պալատական խարդավանքների կամ քաղաքական պրոպագանդայի զոհ:
12. Միշտ և ամենուր թույլտվություն հարցրեք…
Սա էթիկետի ոլորտից օրենք է: Նրա կիրառումը ոչ միայն ձեզ կապահովագրի լրացուցիչ ջանքերից, այլև ձեզ համար կապահովի դաստիարակված մարդու իմիջ: Միայն թե հարցրեք ներքին համոզվածությամբ, այլապես միշտ կասկածներ ունեցող մեկի տպավորություն կգործեք: Ի դեպ, այս օրենքը ես ակամայից օգտագործել եմ՝ առաջարկելով հարցնել այն մասին, թե պե՞տք է արդյոք մարդուն օգնություն:
Ճիշտ այդպես էլ միմյանց հետ կապված են նաև այլ օրենքներ՝ դրանով իսկ ստեղծելով մանիպուլյացիաների դեմ ապահով վահան:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը