Մեկ տարում ավելի քան 10 հազար խաղաղ բնակիչ է զոհվել Աֆղանստանում. ՄԱԿ
2017 թվականին ավելի քան 10 հազար քաղաքացիական անձ է զոհվել կամ վերքեր ստացել Աֆղանստանում: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի Աֆղանստանի աջակցման առաքելության (UNAMA)՝ փետրվարի 15-ին հրապարակված ամենամյա հաշվետվության մեջ:
Կազմակերպության տվյալներով, զինված հակամարտությունների արդյունքում երկրում զոհվել է 3438 մարդ, եւս 7015-ը վերքեր են ստացել: Զեկույցում նշվում է, որ զոհված կամ վիրավորված քաղաքացիական անձանց թիվը 2017 թվականին 6 տոկոսով պակաս է 2016 թվականի ցուցանիշից: Դրա հետ մեկտեղ կազմակերպությունում ուշադրություն են դարձրել մահապարտ-ահաբեկիչների գրոհների եւ ինքնաշեն ռումբերի պայթյունների հետեւանքով բարձր մահացության վրա:
Հաշվետվության համաձայն, քաղաքացիական անձանց երկու երրորդը (65 տոկոսը) «հակակառավարական տարրերի», այդ թվում՝ «Թալիբան» եւ ԻՊ խմբավորումների հարձակումների զոհ է դարձել: Կառավարական ուժերի գործողությունների հետեւանքով զոհվել կամ վիրավորվել է քաղաքացիական անձանց 19 տոկոսը, զինյալների եւ կառավարական ուժերի խաչաձեւ կրակի հետեւանքով՝ 11 տոկոս:
Հաշվետվության մեջ նաեւ նշվում է, որ 2017 թվականին զինված հակամարտությունների հետեւանքով զոհվել է 359 կին, 865-ը տուժել են, ինչը 5 տոկոսով ավելի է, քան 2016 թվականին: Զոհված կամ վիրավորված երեխաների թիվը տարվա ընթացքում, ընդհակառակը, նվազել է 10 տոկոսով. զոհվել է 867 երեխա, վերքեր է ստացել եւս 2318 երեխա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: