«Կարելի է նաև երեք հոգով անել իշխանափոխություն, ինչպես ժամանակին Սերժ Սարգսյանն արեց». Նիկոլ Փաշինյան
Ինչպես հայտնի է, «Ելքը» որոշել է վարչապետի սեփական թեկնածուին առաջադրել: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ վարչապետի թեկնածուի հետ կապված դեռևս որոշում չկա:
«Առաջին օրից մենք ասել ենք, որ երեք կուսացությունների առաջին համարներից որևէ մեկը կարող է լինել մեր վարչապետի թեկնածուն»,- նշեց Ն. Փաշինյանը:
Հարցին՝ դուք ի՞նչ ակնկալիքով եք վարչապետի թեկնածու առաջադրում, Ն. Փաշինյանն այսպես պատասխանեց. «Այս պահի դրությամբ մենք վարչապետի թեկնածու չենք առաջադրել: Երկրորդ՝ մեզ համար ակնհայտ է, որ ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն լինելու է Սերժ Սարգսյանը, ով հայտարարել է, որ ինքը վարչապետի պաշտոնին չի հավակնելու: Այս իրավիճակը ներքաղաքական իրավիճակի սրման մեծ պոտենցիալ ունի, որովհետև դա նշանակում է՝ ՀՀ քաղաքացիներին ուղղակի լկտիաբար խաբել: Մենք կարծում ենք՝ ՀՀ քաղաքացին այս իրավիճակի վերաբերյալ իր դիրքորոշումներն արտահայտելու հնարավորություն պետք է ունենա»:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ գուցե Սերժ Սարգսյանի՞ն էլ իր թիմը խնդրի դառնալ վարչապետ, ինչպես Գագիկ Ծառուկյանին խնդրեցին վերադառնալ քաղաքականություն, և ստացվի, որ նա իր խոստումը չի դրժում: Ի պատասխան՝ նա ասաց. «Պետք է հարցի կոնտեքստը հստակ հասկանալ: Սերժ Սարգսյանն ասում էր՝ Սահմանադրությունը փոխում ենք, բայց որ դուք չմտածեք՝ ես փոխում եմ, որ վարչապետ դառնամ, ես պաշտոնապես ասում եմ՝ ես ո՛չ էն եմ ասելու, ո՛չ էն: Այսինքն՝ սա խնդրանքի հետ որևէ կապ չունի»:
Դիտարկմանն էլ՝ ձեզ էլ մեղադրում են, որ չեք մասնակցել Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարին, Ն. Փաշինյանն այսպես պատասխանեց. «Երևի կարիք կա՝ ես հրապարակեմ այն ժամանակվա իմ ելույթներն ու հոդվածները: Ես ասել եմ, որ այն Սահմանադրությամբ, որ 2015 թվականին գործում էր, այդ Սահմանադրությամբ Ս. Սարգսյանը վերարտադրվելու որևէ խնդիր չուներ ու չի ունենալու նաև նոր Սահմանադրությամբ: Երբ Վազգեն Սարգսյանը վարչապետ էր, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն իրենց տեղերում կային այնքան ժամանակ, քանի դեռ Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը հանդուրժում էին ինչ-ինչ պատճառներով: Որ պահին նրանք ուզենային, որ նրանք չլինեն, մի օրում չէին լինի»:
Հարցին՝ Ս. Սարգսյանի վարչապետական ծրագրից ելք կա՞, Ն. Փաշինյանն այսպես պատասխանեց. «Եթե ՀՀ քաղաքացիները կամարտահայտություն ցուցաբերեն առաջիկա ժամանակահատվածում, այո, այդ խնդիրը կլուծվի: Ես ինձ համարում եմ այդ խնդրի երաշխավորն այն պարագայում, եթե ժողովուրդն այդ կամարտահայտությունը ցուցաբերի»:
Դիտարկմանը, թե՝ դա կեղծ օրակարգ չէ՞, հետո էլ կասեք՝ ժողովուրդը փողոց դուրս չեկավ, Ն. Փաշինյանն այսպես արձագանքեց. «Ո՞ւմ է պատկանում երկրում իշխանությունը: Ո՞վ է ի վիճակի այդ իշխանությունը վերցնել ՀՀԿ-ից: Տեսականորեն էլ, գործնականորեն էլ՝ ժողովուրդը: 2016 թվականին Խորենացի փողոցում ես ասում էի՝ դուրս եկեք, փողոցներում ձեր կամքը ցույց տվեք, ու ես ինձ համարում եմ այդ կամքի արտահայտման երաշխավորը: Հիմա էլ է նույնը: Սա կապված է մեր քաղաքական գաղափարախոսության հետ: Մարդիկ ասում են՝ քանի՞ հոգով կարելի է իշխանափոխություն անել: Կարելի է նաև երեք հոգով անել իշխանափոխություն, ինչպես ժամանակին Սերժ Սարգսյանն արեց: Բայց մենք ուզում ենք համակարգային փոփոխություն: Պետք է ձևավորվի ոչ թե երեք-հինգ հոգու, այլ ժողովրդի իշխանություն: Ես չեմ պատկերացնում ձեռքերս ծալած հետևելիս՝ ինչպես է Սերժ Սարգսյանը վերարտադրվում»: