Գյումրու որոշ դպրոցներում ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում, որոշ դպրոցներում՝ ոչ
Գյումրու դպրոցների մեծ մասը շարունակում է մնալ ուժեղացված հսկողության տակ, ինչը պայմանավորված է կասկածելի անձանց՝ Հայաստանի սահման մուտք գործելու հնարավոր լուրերի հետ:
«Ոստիկանությունից բանավոր ցուցում եկել է: Մեր դպրոցի ոստիկանության տեսուչը եկել է դպրոց, մեզ զգուշացրել է, մենք էլ հաշվի առնելով այդ հանգամանքը, ուսումնական գործընթացի կազմակերպչական մասն ավելի ենք խստացրել, որպեսզի ավելորդ մարդիկ դպրոց չմտնեն: Մենք մեր ծնողներին շատ լավ գիտենք, եթե դրսից հյուրի կարգավիճակով մարդ է գալիս, դռնապանն ուղեկցում է մինչև տնօրենի կաբինետ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց թիվ 6-րդ դպրոցի տնօրեն Արտաշես Սարգսյանը:
Գյումրու թիվ 4-րդ դպրոցից մեզ տեղեկացրին, որ ոստիկանության կողմից, որպես այդպիսին, ուժեղացված հսկողություն չկա: «Պարզապես այդ տեղեկատվությունը կա, դպրոցներն էլ, բնականաբար, պետք է զգուշացնեն դասղեկին, ուսուցչին, ծնողին, նաև դռնապանին, պահակին, որպեսզի դրսից անծանոթ մարդկանց մուտք դպրոց բացառվի: Բոլոր դեպքերում, եթե զգուշացրել են, ծնողների շրջանում ինչ-որ չափով անհանգստություն կա: Տարրական դպրոցի ծնողներն ամեն օր են գալիս երեխաներին տանելու, անկախ շրջանառվող լուրերից: Միջին դպրոցի երեխաների հանդեպ էլ ուշադիր ենք լինում, ճանապարհ ենք դնում: Դպրոցում օտար մարդու մուտքն արգելվում է»:
Գյումրու թիվ 19 դպրոցից մեզ տեղեկացրեցին, որ ոստիկանները դպրոցի աշխատողներին և աշակերտներին տեղեկացրել են, հաճախակի գալիս-գնում են ոստիկանությունից:
«Այսօր կրկին եկել են, օրվա տարբեր ժամերին ոստիկանությունից անպայման մարդ լինում է դպրոցում»,- փոխանցեցին դպրոցից:
Գյումրու Օյունջյանի անվան դպրոցի տնօրենի խոսքով, ոստիկանությունից իրենց դպրոց ևս եկել են:
«Մեր տեսուչը՝ Անահիտը, պարբերաբար գալիս է, նույնիսկ՝ ավելի շատ: Մենք անընդհատ կապի մեջ ենք մեր տեսուչի հետ, ինքն էլ շատ պարտաճանաչ կատարում է իր աշխատանքը: Նա ասաց, որ խուճապ չկա, ուղղակի ուշադիր եղեք, որ սուտ խոսակցություններ չտարածվեն, քանի որ առանձնապես բան չկա: Եթե դպրոց անծանոթ մարդ է մտնում, հարցնեն՝ ով եք, ում եք ուզում»,- մեզ հետ զրույցում նշեց Օյունջյանի անվան դպրոց-վարժարանի տնօրեն Հասմիկ Անդրիասյանը:
Այցելեցինք նաև թիվ 24 դպրոց, որտեղ դպրոցի փոխտնօրենները մեզ հետ զրույցում հավաստեցին, որ իրենց դպրոցում ուժեղացված հսկողություն սահմանված չէ:
Այս դպրոց հաճախող երեխաների ծնողներից մեկն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ քաղաքում պտտվող խոսակցությունների համաձայն՝ 58 թաղամասի մանկապարտեզներից երեխաներին տուն էին ուղարկել, սակայն, ինչպես հետագայում պարզվեց, տրնդեզի հետ էր կապված:
Գյումրու որոշ դպրոցներում դեռևս տեղյակ էլ չէին, որ նման լուրեր են շրջանառվում և առաջինը մեզանից տեղեկացան, որ ոստիկաններն ուժեղացրել են հսկողությունը պետական հաստատություններում, հյուրանոցներում և քաղաքի այլ օբյեկտներում:
Գյումրու որոշ երաժշտական դպրոցներում ևս ոստիկանության կողմից ուժեղացված հսկողություն սահմանված չէր:
Թիվ 3-րդ երաժշտական դպրոցի տնօրենի խոսքով, իրենք ոչ լուրերից են տեղյակ, ոչ էլ հսկողությունից:
Գյումրու քաղաքապետարանից էլ մեզ տեղեկացրեցին, որ իրենց կառույցում հսկողությունն ուժեղացնելու որևէ հրահանգ չի ստացվել: Շիրակի մարզպետարանից տարածված լուրերը ստահոդ որակեցին՝ ասելով, որ նման բան ընդհանրապես չկա:
Զրուցեցինք նաև համաքաղաքացիների հետ: Նրանցից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ ոստիկանությունն անպայման կամ պաշտոնապես պետք է հաստատի, որ ՀՀ սահմանն ահաբեկիչներ են հատել, կամ պետք է հերքի, քանի որ մարդկանց անորոշության մեջ թողնելը ճիշտ չէ, և ամենակարևորը՝ եթե այդ տեղեկատվությունը սուտ է, պատասխանատվության ենթարկի այն անձին, ով առաջինն է այն տարածել:
Անահիտ Սիմոնյան