«Ժողովուրդը հայհոյելու է այստեղ նստածներին». Արամ Սարգսյան
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը կարծում է, որ սպառման հարկումն ավելացնելու կառավարության որոշումը միտված է պարտքից դուրս գալուն։ Այսօր ԱԺ արտահերթ նիստում «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումների ժամանակ պատգամավորը նշեց, որ տնտեսագիտական վեճի մեջ մտնելու դեպքում կարելի է ապացուցել, որ կառավարությունը ճիշտ է, կամ ապացուցել, որ սխալ է։
«Խնդիրը այս դաշտում չի, հարգելի՛ կառավարություն, խնդիրը այլ հարթության մեջ է։ Ոչ թե հարկատուներից ավելի շատ հարկ է պետք վերցնել, այլ հարկատուների քանակն է պետք ավելացնել»,- ասաց նա։
Ա.Սարգսյանը հարցրեց, թե ի՞նչ է արվում ներդրումներն ավելացնելու համար։ Նրա խոսքով՝ 2 մլն դրամից բարձր աշատավարձը, որ հիմնականում ՏՏ ոլորտն է, 36.6% հարկելու դեպքում կառավարությունը սպանում է այդ ոլորտը, և արդեն մարդիկ հեռանում են ՏՏ ընկերություններից, ոչինչ չի արվում մետալուրգիական ոլորտը զարգացնելու համար, նույնը ջրային ռեսուրսներում է, գյուղատնտեսությունում և մյուս ոլորտներում։
«Ժողովո՛ւրդ ջան, կանգ առնել է պետք, մեզ հրաշք է պետք,- ասաց Ա.Սարգսյանը և հավելեց,- Այս վիճակով աղքատությունը չի կրճատվելու, ժողովուրդը հայհոյելու է այստեղ նստածներին, և ոչինչ չի փոխվելու»։