Բաժիններ՝

«Ամենամեծ պրոբլեմը կարտելային համաձայնություններն են, հավատացնում եմ ձեզ». Խոսրով Հարությունյան

Հայաստանում ամենամեծ խնդիրը ոչ այնքան առանձին շուկաներում մենաշնորհային դիրքն է, որքան կարտելային համաձայնությունները, որ պայմանավորվում են՝ ինչ գնով ապրանքը ծախեն։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը՝ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումների ժամանակ։

«Ամենամեծ պրոբլեմը կարտելային համաձայնություններն են, հավատացնում եմ ձեզ»,- ասաց նա՝ հավելելով, որ դա բացահայտելը շատ բարդ է։

«Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանի դիտարկմանը, որ բեռնափոխադրողները 20% թանկացրել են իրենց ծառայությունները, Խ.Հարությունյանը նշեց, որ նրանց համար ԱԱՀ-ն հաշվանցվում է, և ծախսերն էապես կրճատվում են, իսկ մնացածը վարքագծի արդյունք է։

«Եթե էդպես է, նախկինում էլ հաշվանցում էին, ինչո՞ւ է ծառայությունը թանկացել»,- արձագանքեց Է.Մարուքյանը։

Կարդացեք նաև

«Ես շատ պարզ բան եմ ասում՝ մեզ մոտ շատ տնտեսվարողներ, համանման ծառայություններ մատուցողներ, որպես կանոն, պայմանավորվում են՝ ինչ գներով ծառայություններ մատուցեն։ Ես ասում եմ՝ կարտելային համաձայնություներ հնարավոր են այդպիսի։ Ես հաստատ չեմ պնդում, բայց դա չի բացառվում»,- պատասխանեց Խ.Հարությունյանը։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը հայտարարեց, որ Հայաստանում գնաճը 40%-ից ավելի է, ու հարցադրում արեց, թե ՀՀԿ-ն ի՞նչ է առաջարկում այս վիճակից դուրս գալու համար. «Ասեք՝ ի՞նչ անենք»։

«Այս խնդիրը կարճաժամկետ լուծում չունի։ Ամենաառաջին խնդիրը տնտեսության աճն է»,- պատասխանեց ՀՀԿ-ական պատգամավորը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս