«Ազգային երկխոսություն սկսելու անհրաժեշտություն կա». Արմեն Սարգսյան
ՀՀԿ կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար ազգային երկխոսություն սկսելու անհրաժեշտություն է տեսնում:
Լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանը նշեց, որ Հայաստանը շրջափակման մեջ գտնվող երկիր է` հսկայական խնդիրներով, և տնտեսությունը զարգացնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու խնդիր ունի, ինչի համար ազգային երկխոսություն է անհրաժեշտ:
«Եվ ինչ-որ տեղից պետք է սկսվի այդ երկխոսությունը, եթե դա չլինի, հասարակության, ձեր, իմ կողմից թվարկված խնդիրներից որևէ մեկը չենք կարողանալու լուծել: Եթե մենք մեր քաղաքացիներին, անհատներին, քաղաքական ղեկավարներին, ապագա նախագահին, վարչապետին, նախարարին կամ գյուղապետին բաժանենք յուրայինի և ոչ յուրայինի, տեղ չենք հասնի: Ես կարծում եմ, որ ազգային երկխոսությունը շատ էական է: Ժամանակն է, որ խոսենք, որովհետև մարտահրավերներն այնքան շատ են, որ մենք չենք էլ պատկերացնում»,- նշեց Սարգսյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում ժողովրդավարությունն ամրապնդելու, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի, արդար հասարակություն ձևավորելու, սոցիալական արդարության հասնելու, աղքատների և հարուստների բևեռացումը վերացնելու անհրաժեշտություն կա:
«Մենք պետք է դառնանք երկիր, որտեղ աղքատությունը պետք է վերանա, որտեղ յուրաքանչյուր անձ կկարողանա արժանապատիվ աշխատանքով իր ընտանիքը պահել, կդառնա ավելի բարեկեցիկ: Մարտահրավերներ ունենք կրթության և պաշտպանության ոլորտում: Դրանք մենք չենք կարողանա հաղթահարել, եթե ազգային երկխոսություն չլինի»,- ասաց Արմեն Սարգսյանը:
Նրա խոսքով` անկախ նրանից, թե ով կլինի ՀՀ հաջորդ նախագահը, նա պետք է դառնա այն անձը, ով կսկսի այդ երկխոսությունը, որպեսզի հայությունը նորից սևի և սպիտակի, աղքատի և հարուստի, հայաստանցու և սփյուռքահայի չբաժանվի: