«Կա մեծ զանգված, որը չի հավատում այդ փոփոխությունների իրականացմանը` անկախ նրանից, թե ով է լինելու նախագահը»
ՀՀԿ կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի խոսքով՝ Հայաստանում հասարակությունը հսկայական ակնկալիքներ ունի` անկախ նրանից, թե ով կլինի երկրի նախագահը: Ըստ նրա՝ հասարակության ակնկալիքները տարբեր են:
«Հասարակության մի հատվածի մոտ իներցիոն մտածողություն կա, որ նախագահը ուղղաձիգ իշխանություն ունեցող մեկն է և կարող է բոլոր հարցերին պատասխանել: Եվ կա մյուս ծայրահեղությունը, որ ասում են, թե նախագահի լիազորությունները քիչ են, և նա ոչինչ չի կարող անել: Կա մի հատված, որ ասում է` փոփոխությունների անհրաժեշտություն կա, և, եթե կարողանաս քո լիազորությունների սահմաններում ինչ-որ բան փոխել, շատ լավ կլինի:
Կա նաև մեծ զանգված, որը չի հավատում այդ փոփոխությունների իրականացմանը` անկախ նրանից, թե ով է լինելու նախագահը: Եվ սա ինձ համար ամենացավալին է: Ես պատճառներն էլ եմ հասկանում, իրավիճակն էլ: Սակայն չեմ կարծում, որ դա պատճառ է, որ մարդիկ մտածեն, թե ոչինչ հնարավոր չէ անել: Չեմ կարծում, որ կյանքում նման իրավիճակներ կան»,- նշեց Սարգսյանը:
Նա վկայակոչեց Խորհրդային Միության փլուզման օրինակը` ընդգծելով, որ դա հսկայական կայսրություն էր, որն ուներ հսկայական բանակ և հատուկ ծառայություններ, ու ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ նման երկիրը գոնե 100-200 չի կարողանա գոյատևել:
«Սակայն մենք տեսանք, որ փոխվեց ամեն ինչ: Մեր երկրում ամենամեծ դժվարությունը լինելու է մարդկանց մոտ հույսի և հավատի վերականգնումը, ինչին կարելի է քայլ առ քայլ հասնել»,- ասաց Սարգսյանը: