
«Միանշանակ Մոսկվայի թույլտվությամբ է նման արտահայտություն արվում». Գագիկ Սարուխանյանը՝ Ալիևի ռազմատենչ հայտարարությունների մասին

«Ալիև կոչված անձնավորության բարբաջանքները մեզ համար նորություններ չեն, բայց ինչքան էլ դրանք լինեն բարբաջանքներ, նա ո՛չ հասարակական գործիչ է, ո՛չ ակտիվիստ է. նա աշխարհում ընդունված պետության նախագահ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ անդամ Գագիկ Սարուխանյանը՝ խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին՝ Երևանը գրավելու վերաբերյալ արած հայտարարության մասին:
Գ. Սարուխանյանը նշեց, որ իրեն բնավ չի հետաքրքրում Ալիևի բարբաջանքների աստիճանը, լրջությունը, և այլն.
«Ինձ հետաքրքրում է մեր իշխանությունների լռությունը: Այդ հայտարարությամբ նա շատ հզոր քարտ-բլանշ տվեց մեր իշխանություններին, Արտգործնախարարությանը:
Աշխարհի բոլոր լուրջ նախագահների սեղանը պետք է լիներ մեր պահանջագրերով: Սա ո՞ր դարն է, մարդը բացարձակ ագրեսիայի կոչ է անում հարևան պետության նկատմամբ: Սա ևս մեկ առիթ էր մեր պատմության, հնության մասին բարձրաձայնելու կամ ի լուր աշխարհի ցույց տալու: Ես սրա տակ տեսնում եմ է՛լ ավելի մեծ վտանգավորություն, քան լոկ Ալիևի հայտարարությունը:
Ալիևն ինքն իրենով այդքան չկա, որ ինքնուրույն նման որոշումներ կայացնի: Ես ակամայից հիշեցի 1991 թվականի պատերազմի տարիների որոշ մեր ղեկավարների արտահայտությունները՝ Գետաշենի, Շահումյանի, Նախիջևանի վերաբերյալ, որ Մոսկվան չի թողնում, Մոսկվան ասել է՝ չի կարելի: Այսինքն՝ Մոսկվայի ասելու արձագանքն այսօր լսվում է նաև Բաքվից: Միանշանակ Մոսկվայի թույլտվությամբ է նման արտահայտություն արվում: Ո՞նց կարող է փոքրիկ մի երկիր մեկ այլ փոքրիկ երկրի նկատմամբ՝ առանց աշխարհի ուժեղների՝ նմանատիպ հայտարարություններ անի: Դա բացառվում է»: