Իրանն ամենախոշոր հրթիռային ուժերն ունի տարածաշրջանում. ԱՄՆ-ի հետախուզություն
Իրանն ունի բալիստիկ հրթիռների ամենամեծ զինանոցը Մերձավոր Արեւելքում: Փետրվարի 13-ին այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը՝ ելույթ ունենալով Կոնգրեսի Սենատի հետախուզության հատուկ կոմիտեում կայացած ունկնդրումների ժամանակ։
«Իրանն ունի բալիստիկ հրթիռների ամենախոշոր զինանոցը Մերձավոր Արեւելքում եւ կարող է հարվածներ հասցնել երկրի սահմաններից մինչեւ 2 հազար կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախների»,- նշել է նա: Քոութսն ընդգծել է, որ «Թեհրանի այդ ռազմական ներուժն սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ-ի, տարածաշրջանում տեղաբաշխված նրա զորքերի եւ դաշնակիցների համար»:
Նրա խոսքով՝ «Իրանը շարունակում է մշակել եւ բարելավել զինագործական համակարգերը, որպեսզի նշանառության տակ պահի ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների ռազմական օբյեկտները տարածաշրջանում»:
«Այդ սպառազինությունների թվում են անօդաչուներ, բալիստիկ հրթիռներ, ծովային ականներ, պայթուցիչով հանդերձված կատերներ՝ հեռակառավարմամբ, արդի տորպեդներով հանդերձված սուզանավեր, հականավային թեւավոր հրթիռներ եւ վերգետնյա բազավորման թեւավոր հրթիռներ»,- նշել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: