«Մեդիալաբ»-ի գլխավոր խմբագիրը տուժող է ճանաչվել
«Մեդիալաբ»-ի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանը տուժող է ճանաչվել: Այդ մասին, «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան, հայտնեցին Քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ խմբագրի նկատմամբ սպառնալիքներ էին հնչել և նյութերի նախապատրաստման փուլում պարզվել սպառնալիքներ հնչեցրած անձի ինքնությունը, փաստի առթիվ հարուցված քրեական գործը քննվում է Քննչական կոմիտեում։
Քննչական կոմիտեից նաև տեղեկացանք՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարական է տրվել ոստիկանությանը։
«Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա կկայացվի համապատասխան դատավարական որոշում, որի մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- ասացին ՔԿ-ից:
Նշենք նաև, որ Մարիաննա Գրիգորյանը «Facebook» սոցիալական ցանցում սպառնալիք է ստացել, ինչի պատճառ է հանդիսացել լրատվամիջոցում հրապարակած ծաղրանկարը:
Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ այդ անձը խմբագրին վախեցրել է, որ «Մեդիալաբ»-ը կարող է արժանանալ 2015թ. հունվարին ահաբեկչական հարձակման ենթարկված ֆրանսիական «Շառլի Էբդո» պարբերականի ճակատագրին։
Խմբագիրը նաև հայտնել է, որ նշված անձի կողմից սպառնալիքներ են հնչել իր անչափահաս դստեր հասցեին: