
Հետաքննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Ան-148-ի կործանման վայրից

ՌԴ Հետաքննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Ան-148-ի կործանման վայրից, որը նկարահանվել է կվադրոկոպտերից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին: Գերատեսչության տելեգրամ-ալիքում զետեղված կադրերեում երեւում է, որ ինքնաթիռն ընկել է գյուղի մերձակայքում, բեկորները ցրվել են մեծ տարածությամբ, ինչպես ավելի վաղ հաղորդվել է՝ ավելի քան մեկ կիլոմետր շառավղով:
Ան-148 մարդատար ինքնաթիռը, որը Մոսկվայից ուղեւորվել էր Օրսկ, փետրվարի 11-ին կործանվել է մերձմոսկովյան Ռամենսկոյե շրջանում: «Ռոսավիացիայի» տվյալներով՝ անձնակազմի հետ կապը կորել է «Դոմոդեդովո» օդանավակայանից թռչելուց մի քանի րոպե անց: Ինքնաթիռում գտնվող բոլոր 65 ուղեւորները եւ անձնակազմի վեց անդամները զոհվել են: Միջադեպը հետաքննում է ՌԴ Քննչական կոմիտեի կենտրոնական աշխատակազմը: Քննարկվում են պատահարի բոլոր վարկածները, հիմնականներն են՝ եղանակային պայմանները, մարդկային գործոնը եւ տեխնիկական անսարքությունը: