
Թուրքիայի քրդամետ կուսակցության նոր համանախագահի դեմ հետաքննություն է սկսվել

Անկարայի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նոր համանախագահ ընտրված Փերվին Բուլդանի և կուսակցության պատգամավոր Սըրրը Սուրեյյա Օնդերի դեմ: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր» գործակալությունը:
Հետաքննություն սկսելու պատճառը կուսակցության 3-րդ համաժողովի ժամանակ գործիչների կողմից հնչեցված հայտարարություններն են սիրիական Աֆրին շրջանում թուրքական զինուժի կողմից իրականացվող «Զեյթունի ճյուղ» գործողության վերաբերյալ: Բացի այդ, համագումարի ընթացքում պահվել է Քրդական բանվորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նկարը:
Բուլդանը և Օնդերը մեղադրվում են «ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու», «ժողովրդին ատելության և թշնամանքի դրդելու», «հանցանքն ու հանցագործները գովելու» մեջ:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը փետրվարի 11-ին համաժողովի ժամանակ նոր համանախագահների է ընտրել. նրանք են՝ պատգամավոր Փերվին Բուլդանը և Սեզայի Թեմելլին: Կուսակցության նախկին համանախագահները՝ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը 2016 թվականից բանտում են: