«Դուք չպետք է թույլ տաք, որ ձեր երկրում հաստատված խաղաղ կյանքը խարխլվի». ՀՀ-ում Իրանի դեսպանը՝ Արցախի հարցի մասին

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին այսօր ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ, ԵՏՄ-ի հետ Իրանի համագործակցության վերաբերյալ հարցին ի պատասխան, ասաց, որ այդ թեման ՀՀ ղեկավարության կողմից բազմիցս արծարծվել է, բայց իրանական կողմը որևէ շոշափելի բան չի նկատել. «Եթե դուք որևէ շոշափելի բան նկատել եք, մեզ տեղեկացրեք»։

Ինչ վերաբերում է Իրանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին, դեսպանն ասաց, որ յուրաքանչյուր երկրում էլ կան խնդիրներ. «Հատկապես, Իրանի նման երկրում, որը 40 տարի անարդար վերաբերմունքի է արժանացել Ամերիկայի և նրա կողմնակից երկրների կողմից։ Ամերիկայի այդ վերաբերմունքը պատճառ դարձավ, որպեսզի մենք ինքնաբավ դառնանք բոլոր ոլորտներում։

Ընդհանրապես, այն երկրները, որոնք ցանկանում են ջերմ և սիրալիր հարաբերություններից բացի՝ իրենք իրենց գերտերություններ համարել և այդ տեսանկյունից հարաբերություններ ստեղծել մյուս պետությունների հետ, երբեք չեն կարող բարձր հաջողությունների հասնել և անկում կապրեն։ Մինչև իսլամական հեղափոխությունն Ամերիկան ներկա է եղել Իրանում, և մենք որևէ կառուցողական քայլեր չենք տեսել այդ պետության կողմից, որ կատարվեր Իրանում։ Նրանց միակ հետաքրքրությունն այն է, որ Իրանի հնարավորությունները երկրից դուրս հանեն։ Ինչքան էլ որ մեր պետությունները փոքր լինեն, եթե մեր ժողովուրդները միմյանց հետ լինեն, մենք ամբողջ աշխարհում շատ մեծ կերևանք։ Մենք Իրանում ունենք բազմաթիվ գիտնականներ, մտավորականներ, և պետք է նշեմ, որ Իրանից վախենում են»։

Դեսպանն ասաց, որ Իրանը խաղաղության կողմնակից է և բարձր է գնահատում հարաբերություններն իր բոլոր հարևանների հետ. «Մենք թույլ չենք տա, որ այլ պետություններ ոտնձգություններ կատարեն և խարխլեն մեր հարևան պետությունների հետ մեր հարաբերությունները։ Իրանի բարձրաստիճան ղեկավարները հայտարարել են, դուք լսել եք ժողովրդի ձայնը, եկեք այդ խնդիրները հարթենք, որ այլևս խնդիրներ չլինեն մեր ժողովրդի համար»։

Կարդացեք նաև

Անդրադառնալով Արցախի հարցին՝ դեսպանը հետևյալն ասաց. «Դուք չպետք է թույլ տաք, որ ձեր երկրում  հաստատված խաղաղ կյանքը խարխլվի։ Այն իրանցին, որն այցելում է Հայաստան, այս խաղաղ և հանգիստ վիճակի համար է այցելում, եթե դա չլինի, այդ հնարավորությունն էլ հայկական կողմը ձեռքից բաց կթողնի։ Օրինակ՝ տարիներ է պահանջվել այս շենքի կառուցման համար, բայց այն ավերելն ընդամենը մի քանի օրվա հարց է»։

Տեսանյութեր

Լրահոս