Կանցկացվի քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ու հիվանդացության կանխարգելմանն ուղղված «Վաղ և ճշգրիտ» արշավ
Հայաստանում ընթացիկ տարում կանցկացվի քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ու հիվանդացության կանխարգելմանն ուղղված «Վաղ և ճշգրիտ» կարգախոսը կրող արշավ: Նախաձեռնողը «Եվրոպա Դոննա Արմենիա» կազմակերպությունն է:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում կազմակերպության հիմնադիր նախագահ Նվարդ Քոչարյանը նշեց, որ նպատակ ունեն արշավի շրջանակում իրականացվող տարբեր միջոցառումներով նպաստել մարդկանց իրազեկման բարձրացմանը կրծքագեղձի քաղցկեղի վերաբերյալ:
«Փորձը ցույց է տալիս, որ կրծքագեղձի քաղցկեղն ախտորոշվում է ավելի ուշ փուլերում: Վաղ ախտորոշման դեպքում և՛ ապաքինվելու շանսերն են մեծ, և՛ ապրելիության: Դրանից բացի, վաղ հայտնաբերման դեպքում բուժման ծախսն ավելի քիչ է լինում: Ասեմ, որ միջոցառումները շատ են լինելու, Երևանում իրականացվելու է ծառատունկ, նախատեսում ենք հիմնել դեղձենիների պուրակ: Կրծքագեղձի քաղցկեղի պայքարի գույնը վարդագույնն է, դեղձենին հենց այդ գույնով է ծաղկում:
Ծառատունկն ապրիլի մեկին է նախատեսված, անցկացվելու է նաև մեծ գիտաժողով, որի ժամանակ կհնչեն զեկուցումներ ոլորտում առկա նորույթների մասին: Կազմակերպվելու են այցելություններ մարզեր, որտեղ հանրային լայն իրազեկում է իրականացվելու: Մարզեր մեկնելու ենք մասնագետների հետ, պայմաններ ենք ստեղծելու, որ տեղերում կանայք ստուգվելու հնարավորություն ունենան»,-ասաց նա:
Նվարդ Քոչարյանը նշեց, որ նման միջոցառումներ նախորդ տարի շատ են կազմակերպել՝ հատկապես Արցախում: Արդյունքները դրական են՝ գրանցվել են հիվանդացության վաղ հայտնաբերման դեպքեր:
«Ցավալին այն է, որ մեր հասարակությունում շատերը ստորադասում են իրենց առողջությունը: Տարբեր պատճառաբանություններով չեն դիմում բժշկի: Կոչ ենք անում տարին մեկ անգամ անպայման գնալ ստուգման՝ հետագայում բարդություններից խուսափելու համար»,- ասաց նա:
Նվարդ Քոչարյանի տեղեկացմամբ, ըստ պաշտոնական տվյալների, տարեկան կրծքագեղձի քաղցկեղի 1200 նոր դեպք է հայտնաբերվում, որոնց մոտ 40 տոկոսը՝ 3-րդ, 4-րդ փուլում:
«Եվրոպա Դոննա Արմենիա» կազմակերպության անդամ Անի Սահրադյանը ժամանակին նման խնդրի առաջ է կանգնած եղել: Նրա մոտ ախտորոշվել էր քաղցկեղ` բավական ուշ փուլում:
«Ուզում եմ իմ խոսքն ուղղել մարդկանց և կոչ անել, որ ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ: Իմ օրինակով ուզում եմ բոլորին հորդորել, որ եթե գոնե տարին մեկ անգամ հետազոտվեն, ապա շատ ավելի մատչելի կլինի բուժումը, նվազ կլինի կյանքին սպառնացող վտանգը: Մարդիկ վախենում են բախվել այդ ախտորոշմանը, բայց բոլորն էլ ասում են՝ քաղցկեղը դատավճիռ չէ, անգամ այն փուլերում, երբ թվում է՝ եղածը վերադարձնել չի լինի»,- ավելացրեց նա: