Ինչպես է պայթել Ան-148 ինքնաթիռը. Հետաքննչական կոմիտեն մանրամասներ է հրապարակել
Հետաքննիչները պարզել են, որ Մերձմոսկվայում կործանված Ան-148 ինքնաթիռում տրոհումներ չեն եղել օդում, պայթյունը տեղի է ունեցել գետնին օդանավի խփվելիս: Այդ մասին հայտնել է ՌԴ Հետաքննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Պարզվել է, որ անկման պահին օդանավն ամբողջական է եղել, առանց բռնկման: Պայթյունը տեղի է ունեցել ինքնաթիռի անկումից հետո»,- հայտնել է նա: Պետրենկոյի խոսքով՝ առայժմ Ան-148-ի կործանման վայրում հաջողվել է գտնել օդանավի ինքնագրիչներից միայն մեկը:
«Առայժմ պատահարի վայրում հաջողվել է գտնել միայն պարամետրիկ ինքնագրիչը: Խոսքային ինքնագրիչի որոնումները շարունակվում են: Ինքնագրիչների գրանցումների բովանդակությունը թույլ կտա Միջազգային ավիացիոն կոմիտեի փորձագետներին հանգամանորեն վերականգնել թռիչքի պատմությունը եւ պարզել օդանավի կործանման պատճառը»,- հավելել է Պետրենկոն:
Ան-148 մարդատար ինքնաթիռը, որը Մոսկվայից ուղեւորվել էր Օրսկ, փետրվարի 11-ին կործանվել Է մերձմոսկովյան Ռամենսկոյե շրջանում: «Ռոսավիացիայի» տվյալներով՝ անձնակազմի հետ կապը կորել Է «Դոմոդեդովո» օդանավակայանից թռչելուց մի քանի րոպե անց: Ինքնաթիռում գտնվող բոլոր 65 ուղեւորները եւ անձնակազմի վեց անդամները զոհվել են: Աղետյալ ինքնաթիռի բեկորները ցրված են 30 հեկտար տարածության վրա:
Միջադեպը հետաքննում է ՌԴ Քննչական կոմիտեի կենտրոնական աշխատակազմը: Քննարկվում են պատահարի բոլոր վարկածները, հիմնականներն են՝ եղանակային պայմանները, մարդկային գործոնը եւ տեխնիկական անսարքությունը: