Բիաթլոնիստ Լաուրա Դալմայերը նվաճեց իր երկրորդ օլիմպիական ոսկին
Գերմանացի բիաթլոնիստ Լաուրա Դալմայերը նվաճեց երկրորդ օլիմպիական ոսկե մեդալը:
Օլիմպիական խաղերի բիաթլոնի 10 կմ հետապնդում ձևում 30:35.3 արդյունքով 23-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ Լաուրա Դալմայերը: Նրան հաջորդեց Սլովակիան ներկայացնող Անաստասիա Կուզմինան, իսկ օլիմպիական բրոնզե մեդալը նվաճեց Անաի Բեսկոն (Ֆրանսիա):
Օլիմպիական խաղերի 16 օրերի ընթացքում կխաղարկվի մեդալների 102 հավաքածու 15 մարզաձևերում: «Սպիտակ խաղերի» պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավելի հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են Ձմեռային խաղերի համար ռեկորդային շատ մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից: Այս տարի ամենաշատ մասնակից Խաղերում ունի ԱՄՆ-ը` 242 մարզիկ: Հարավային Կորեայում երկրորդ անգամ են անցկացվում Օլիմպիական խաղերը: 1988 թվականին Սեուլում կայացան 24-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Ներկա Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին: