Վրաստանի զբոսաշրջության հատվածը ռեկորդային ցուցանիշներ է արձանագրել

Զբոսաշրջության հատվածը Վրաստանի տնտեսության կարեւորագույն ոլորտներից մեկն է, եւ Զբոսաշրջության ազգային վարչակազմն առավելագույն ջանքեր կգործադրի դրա հետագա զարգացման համար: Այդ մասին հայտնել է գերատեսչության ղեկավար Գեորգի Չոգովաձեն՝ ելույթ ունենալով արդյունաբերության մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:

Չոգովաձեն նշել է, որ 2017 թվականի արդյունքներով՝ զբոսաշրջության հատվածը ռեկորդային ցուցանիշներ է արձանագրել ինչպես Վրաստան այցելած ճանապարհորդների թվով, այնպես էլ շահույթով:

«2017 թվականին Վրաստան են ժամանել 7 մլն 554 հազար 936 միջազգային այցելուներ, ինչը 1 մլն 194 հազար 433-ով ավելի է 2016 թվականի համեմատությամբ (աճը՝ 18,8 տոկոս): 2017 թվականին զբոսաշրջությունը երկրի տնտեսությանը բերել է ավելի քան 2 մլրդ 750 մլն դոլար, ինչը 27 տոկոսով ավելի է, քան 2016 թվականին:

Սա աննախադեպ ռեկորդային ցուցանիշ է: ՄԵր խնդիրն է՝ էլ ավելի զարգացնել զբոսաշրջությունը եւ առավելագույնս աջակցել այդ ոլորտին»,-հայտարարել է Զբոսաշրջության վարչակազմի ղեկավարը:

Հարկ է նշել, որ զբոսաշրջիկների՝ միջազգային այցելուների թիվը, որոնք Վրաստանում անցկացրել են մեկ օր եւ ավելի, 2017 թվականին կազմել է ավելի քան 3 մլն 478 հազար (աճը՝ 27,9 տոկոս): 2017 թվականին ամենից շատ Վրաստան են այցելել Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի քաղաքացիները:

Տեսանյութեր

Լրահոս