
«Հայաստանում սուր շնչառական վարակով հիվանդների թիվը նվազում է». ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ

Ինչպես հայտնի է, վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանում աճել էր գրիպով, սուր շնչառական վարակով հիվանդների թիվը: 168.am-ի հետ զրույցում ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանն ասաց, որ այս պահին սպառնացող թվեր չունենք:
«Վերակենդանացման բաժանմունքում ծանր դեպքեր չունենք: Թե՛ հիվանդանոց, թե՛ պոլիկլինիկաներ դիմողների թիվն այս վերջին մեկ շաբաթվա ընթացքում նույնիսկ նվազել է»,- նշեց Ա. Ասոյանը:
Մեր ճշտող հարցին՝ աստիճանաբար հիվանդությունը նահանջո՞ւմ է, Ա. Ասոյանը պատասխանեց, թե կարծում է՝ սուր շնչառական վարակով հիվանդների թիվը նվազում է:
Նա նկատեց, որ ավելի շատ դիմում են երեխաների համար. «Մեծահասակները գրիպով չեն սիրում դիմել բժշկին, նրանք տնային պայմաններում են բուժվում, երեխաների մոտ մի քիչ ավելի բարդ է ընթանում, մի քիչ էլ ծնողներն ավելի հոգատար են, ու դա է պատճառը, որ երեխաների դիմելիությունն ավելի մեծ է»:
Ա. Ասոյանի խոսքով, սակայն, դրանից չեն կարող եզրակացնել, որ հիվանդությունն ավելի շատ երեխաների շրջանում է տարածված. «Բոլորի մոտ էլ տարածված է, ուղղակի մեծահասակները չեն դիմում, տանը հոնով, մոշով թեյ են խմում, իսկ երեխաների համար դիմում են հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ»: