ՎՏԲ-Հայաստան Բանկի հովանավորությամբ ավարտվեց ԶԼՄ-ների միջև շախմատի 4-րդ առաջնությունը

Փետրվարի 10-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց ԶԼՄ-ների միջև շախմատային չորրորդ առաջնությունը:

Այն տեղի ունեցավ ՎՏԲ-Հայաստան Բանկի հովանավորությամբ, Հայաստանի Շախմատի ակադեմիայի եւ Sil Maaza ընկերության աջակցությամբ: Մրցաշարի կազմակերպիչն էր Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան:

Չորրորդ տարի անընդմեջ հաղթող ճանաչվեց «Գոլոս Արմենիի» սպորտային լրագրող Վադիմ Մկրտչյանը, որը վաստակեց 6 միավոր 7 հնարավորից: Երկրորդ տեղում էր «Ֆուտբոլ+» թերթի գլխավոր խմբագիր, հայտնի ֆուտբոլային հեռուստամեկնաբան Սուրեն Բաղդասարյանը 5,5 միավորով, իսկ երրորդը՝ haymedia.am կայքի լրագրող Նարեկ Վարազդատյան էր 5 միավորով: Բոլոր մրցանակակիրները ստացան գավաթներ, պատվոգրեր եւ գումարային մրցանակներ: Իսկ մրցաշարի հաղթողին գավաթ փոխանցեց Հայաստանի շախմատի չեմպիոն, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը:

Մրցանակներ ստացան նաեւ 5 անվանակարգով մասնակիցները՝ 4-րդ տեղ զբաղեցրած hetq.am կայքի լրագրողՆորայր Շողիկյանը, ամենագեղեցիկ հաղթանակի համար ազատ լրագրող Արա Նալբանդյանը, կամքի ուժ դրսեւորելու համար «Գոլոս Արմենիի» թերթի թղթակից Ռուբեն Մարգարյանը, ամենաարագ հաղթանակի համար Վադիմ Մկրտչյանը եւ ամենատարեց մասնակիցը, «Ասպետ» թերթի խմբագիր, 72-ամյա Արթուր Բունիաթյանը:

Մրցաշարին մասնակցում էին 17 լրագրող տարբեր լրատվամիջոցներից եւ այն անցավ շվեյցարական մրցակարգով` 7 խաղափուլով, արագ շախմատի կանոնակարգով` յուրաքանչյուր պարտիայի համար մասնակիցներին հատկացվեց 10-ական րոպե ժամանակ, յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով:

Մրցաշարի գլխավոր մրցավարն էր միջազգային կարգի մրցավար Վահագն Խաչատրյանը:

«Մրցաշարի նպատակն է` խթանել շախմատի զարգացմանը հանրապետությունում, սերմանել սպորտային ապրելակերպ լրագրողական հանրությանը», – նշեց ԱԹԱ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս