Էրդողանը հայտնել է Աֆրինում թուրքական ուղղաթիռի խոցվելու մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ փետրվարի 10-ին սիրիական Աֆրինում ռազմական գործողությունների շրջանակում թուրքական ուղղաթիռ է խոցվել: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
«Քիչ առաջ մեր ուղղաթիռն է խոցվել: Թանկ են վճարելու սրա համար»,- Ստամբուլում «Արդարություն և զարգացում» կուսակցության նահանգային ժողովի ժամանակ ասել է նա:
Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել է քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիական սահմանը՝ սկսելով ցամաքային գործողությունները: Թուրքիայի գործողություններին աջակցում է նաև Սիրիայի ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը»: Ահաբեկչական տարրերի դեմ պայքարելու հիմնավորմամբ թուրքական զինուժն իրականում գործողություններն ուղղում է քրդերի, այդ թվում և խաղաղ բնակչության դեմ:
Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է: