«Եթե ընտրվեմ՝ կլինեմ 4-րդ Հանրապետության առաջին նախագահը». Արմեն Սարգսյան

ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը փետրվարի 9-ին Ազգային ժողովում էր։ Նախ նա հանդիպել է «Ելք» խմբակցության պատգամավորների, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ, ապա՝ մեկնել Արցախ։

Խորհրդարանական խմբակցություններից դեռևս միայն «Ծառուկյանն» է, որի հետ Ա.Սարգսյանը հանդիպում չի ունեցել։ Մինչ այս թեկնածուն իր տեսլականն ու ծրագրերը ներկայացրել է ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, հասարակության տարբեր ներկայացուցիչներին Հայաստանում և արտերկրում։

«Ելքի» հետ հանդիպումը խմբակցության դիրքորոշումը չի փոխել, և, ինչպես հայտարարվել էր, ընդդիմադիր ուժը դեմ է քվեարկելու Ա.Սարգսյանի թեկնածությանը։ Լրագրողների հետ ճեպազրույցում խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանդիպման սկզբում «Ելքն» արձանագրել է, որ ունեն նախագահի իրենց թեկնածուն՝ Արտակ Զեյնալյանը, որը, սակայն, այս պահին դե յուրե թեկնածու չէ: Ն.Փաշինյանը նշեց, որ Ա. Սարգսյանի հետ ընդհանուր քննարկում է տեղի ունեցել, խոսել են Սարգսյանի տեսլականի մասին, թե ինչպես է նա վերաբերվում, որ, ի հեճուկս Սերժ Սարգսյանի հայտարարության, թե վարչապետի պաշտոնին չի հավակնելու, այժմյան գործընթացները վկայում են, որ նա պետք է առաջադրվի.

«Սա ներքաղաքական իրավիճակը սրելու շատ լուրջ պոտենցիալ ունեցող հարց է, և այս դեպքում ՀՀ նախագահն ով էլ լինի՝ շատ լուրջ խաչմերուկում կարող է հայտնվել»:

Ն.Փաշինյանը նշեց, որ Ա. Սարգսյանից հետաքրքրվել են նաև, որ նախագահական նստավայրը «խլելու» են նախագահից, ինչպես է վերաբերվում ներման համակարգի փոփոխությանը, որ դառնում է վարչապետի գործառույթ, ընտրակաշառքի մասին իր տեղեկացվածության, Մարտի 1-ի մասով իր դիրքորոշումների, քաղբանտարկյալների, իր քաղաքացիության հետ կապված: «Պատասխաններն ընդունել ենք՝ ի գիտություն: Դուք մեր քաղաքական դիրքորոշումը գիտեք, դրանում որևէ փոփոխություն չկա»,- ասաց Ն.Փաշինյանը:

Արմեն Սարգսյանը, թեև խոստացել էր, որ «Ելքի» հետ հանդիպումից հետո պատասխանելու է լրագրողների բոլոր հարցերին, սակայն Արա Բաբլոյանի մոտ շտապելու պատճառով զրույցը կարճ տևեց։ Նա շնորհակալություն հայտնեց, որ դեռևս նույնիսկ թեկնածու չէ, բայց հետաքրքրությունն իր հանդեպ մեծ է։

Ներկայացնում ենք Արմեն Սարգսյանի և լրագրողների հարցուպատասխանն ամբողջությամբ.

– Մենք նոր հանդիպում ունեցանք «Ելք» խմբակցության հետ, երկկողմ հարցեր ուղղեցինք, քննարկումը շատ բաց էր, պրոֆեսիոնալ։ Ես իմ կողմից բավարարված եմ զգում և, կարծում եմ, այդ զրույցը վերջինը չէ. մենք խոսեցինք նաև հետագա նոր հանդիպումների մասին։ Ես հստակ գիտեմ, որ «Ելքը» հայտարարել է, որ դեմ են քվեարկելու։ Ես, իհարկե, հարգում եմ իրենց որոշումը: Եթե ընտրվեմ նախագահ, իրենք ընդդիմախոս կառույց են, որ արտահայտում են հասարակության որոշակի մասի կարծիքը, այնպես որ, ես նայում եմ առաջ՝ իրենց հետ շարունակել աշխատելու առումով։

– Սահմանադրությունը նախատեսում է, որ ՀՀ նախագահի թեկնածուն պետք է վերջին 6 տարում միայն ՀՀ քաղաքացիություն ունենա, մինչդեռ Դուք 2014-ին եղել եք նաև Բրիտանիայի քաղաքացի (բրիտանական ընկերությունների Companies House ռեգիստրում գրանցված Eurasia House International ընկերության փաստաթղթերում Ա.Սարգսյանը 2014 թ. ներկայանում է՝ որպես ՄԲ քաղաքացի)։

– Հարցը, որպես այդպիսին, որտեղ դուք պրոբլեմ եք փնտրում, պրոբլեմ չկա։ Այո, ես եղել եմ Մեծ Բրիտանիայի քաղաքացի: 2000 թ., երբ ես հրամանով ազատվեցի Հանրապետության դեսպանի պաշտոնից, ընդ որում՝ աշխատում էի նորից առանց աշխատավարձի, դրանից հետո ես նորից դիմել եմ քաղաքացիության Բրիտանիայում և ստացել եմ քաղաքացիությունը 2002-ին։ Դրանից հետո քաղաքացիությունից հրաժարվել եմ 2011-ին։

Ես տասնյակ ընկերությունների խորհրդի անդամ եմ եղել, հիմա էլ եմ, սկսած World economic forum-ից՝ Euro-Atlantic Partnership Council, և այլն։ Ինչ-որ տեղեր գրանցված է, որ ես բրիտանացի եմ, ինչ-որ տեղեր՝ հայ։ 2011-ին հրաժարականս տալուց հետո Financial Times-ում հայտարարություն չեմ տվել, որ գնացել եմ, և այդ բոլոր տեղերում ինձ ընդունել են՝ որպես Արմեն Սարգսյան, ոչ թե՝ բրիտանացի։ Eurasia House-ը իմ հիմնադրած կազմակերպությունն է և դրա դուստր կազմակերպությունը Քեմբրիջի համալսարանում ինստիտուտ էր, կոչվում էր Eurasia Center, որը տասնյակ, հարյուրից ավելի հայ երիտասարդների կրթություն է տվել Բրիտանիայում՝ Հարվարդում և ուրիշ տեղ։ 2010-ի շրջանակներում այդ կազմակերպությունը դադարեց գործելուց՝ տարբեր պատճառներով, որովհետև այն Քեմբրիջի համալսարանի Juge դպրոցի մաս էր, որը դարձավ բիզնես դպրոց, և մենք մտածում էինք դա տեղափոխել Օքսֆորդի համալսարան։ Իր մայր ընկերությունը դարձավ սառեցված, և տնօրեն չի նշանակում՝ դիրեկտոր։

– Իսկ ինչպե՞ս է, որ մնացել է։

– Եթե հիմա ուրիշ ընկերություններ էլ նայեք, Դավոսը նայեք, կարող է՝ գտնեք, որ ես Անգլիայի քաղաքացի եմ։ Դուք պատկերացնում եք, որ Բրիտանիայում մեկը, որ հրաժարական տվեց, ամեն տեղից իր անունը հանեցի՞ն։

– Իսկ ինչո՞ւ հրաժարվեցիք Բրիտանիայի քաղաքացիությունից։

– Իսկ ինչո՞ւ չեք հարցնում, թե ինչու վերցրեցի։ Բացատրեմ. որովհետև իմ գործունեության համար անհրաժեշտ էր, որպեսզի ես և՛ ճանապարհորդեմ, և՛ տարբեր երկրներում լինեմ, և՛ շատ գործնական, և՛ նաև անվտանգության, հազար ու մի խնդիր կա։ Հրաժարվեցի, որովհետև դրա կարիքն այլևս չկար, ոչ թե, որովհետև 2011-ին մտածում էի, որ դուք Սահմանադրությունը պետք է փոխեք, ես պետք է դառնամ դեսպան, հետո էլ՝ թեկնածու: Այդ հարցն ինձ համար գոյություն չունի:

– Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն։

– Ես չգիտեմ` կա՞ն, թե՞ ոչ։ Ես գիտեմ՝ կան անհատներ, որոնք գնահատվում են հասարակության կողմից՝ որպես քաղբանտարկյալ, ես գիտեմ միջազգային տարբեր կառույցների կարծիքները, և իմ տեսակետն է, որ մեր երկրում քաղբանտարկյալներ այսօր կամ վաղը չպետք է լինեն: Բայց ո՞վ է որոշում քաղբանտարկյալը, դուք ինձ պետք է սովորացնեք:

– Ինչո՞ւ արտերկիր մեկնեցիք, բայց այստեղ կարևորագույն մարզեր չգնացիք, օրինակ՝ Շիրակ, Տավուշ, Սյունիք։

– Խնդրահարույց է, որովհետև այսօր գնում եմ Արցախ, գնում եմ Գավառ։

– Դուք վիրավորված չե՞ք լինի, երբ նախագահ դառնաք և Բաղրամյան 26-ում չնստեք։

– Ընդհակառակը։ Իմ կարծիքով` եթե ես առաջադրվեմ, եթե ընտրվեմ, պետք է լինեմ ոչ թե 3-րդ Հանրապետության 4-րդ նախագահը, այլ 4-րդ Հանրապետության Առաջին նախագահ։

– Հայտարարություններ եղան, Ձեզ անգամ ԿԳԲ-ի գործակալ համարեցին։

– Նաև մասոն, այլմոլորակային, թեմպլիեր, չգիտեմ` ինչ ուզեք:

– Ասում են՝ հնարավոր չէ Քեմբրիջի համալսարանում դասավանդել և կապեր չունենալ։

– Քեմբրիջի համալսարանում այսօր տասնյակ երեխաներ կան, փայլուն երեխաներ։

Տեսանյութեր

Լրահոս