Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 41 սանտիմետր բարձրության վրա
Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա փետրվարի առաջին օրերի համեմատ արդեն նվազել է 4 սանտիմետրով: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2018 թվականի փետրվարի 4-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 41 սանտիմետր բարձրության վրա, ինչը 4 սանտիմետրով պակաս է նախորդ տարվա նույն օրվա նիշից:
Սեւան թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում: «Արմենպրես»-ի հետ զրույցում, մեկնաբանելով Սեւանի մակարդակի նվազման պատճառը, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը այն հիմնականում պայմանավորեց ջրի սակավ մուտքերով:
«Անցած տարվա հոկտեմբերից Սեւանա լճից ջրբացթողումները դադարեցված են, սակայն եթե լճի մակարդակը նվազում է, դա նշանակում է, որ լիճ թափվող գետերն են գտնվում սակավաջուր վիճակում, ինչին էլ ավելանում է տեղումների սակավ քանակությունը,որը համեմատաբար նվազ է եղել ձմռան առաջին երկու ամիսների եւ փետրվարի առաջին 8 օրերի ընթացքում: Արփա-Սեւան թունելային ջրատարն էլ այս տարի դեռեւս չի գործարկվել»,-նշեց վարչության պետը:
Խոսրով Խլղաթյան