Twitter-ն իր պատմության մեջ առաջին անգամ եռամսյակային շահույթ է արձանագրել
Twitter Incorporated ամերիկյան ընկերությունը, որին պատկանում է միկրոբլոգների համանուն ցանցը, 2017 թվականի չորրորդ եռամսյակում իր 12-ամյա պատմության մեջ առաջին անգամ զուտ շահույթ է ստացել։
Ինչպես հաղորդվում է ընկերության մամուլի տեղեկագրում, զուտ շահույթը հոկտեմբեր-դեկտեմբերին ամիսներին կազմել է 91,1 մլն դոլար՝ 167 մլն դոլարի չափով վնասի համեմատությամբ, որն արձանագրվել է 2016 թվականի համապատասխան ժամանակաշրջանում:
Twitter-ի եռամսյակային հասույթն ավելացել է 2 տոկոսով՝ մինչեւ 731,6 մլն դոլար՝ շուկայի կողմից սպասված 686,1 մլն դոլարի դեպքում: Գովազդից ստացված հասույթը տարեկան արտահայտությամբ ավելացել է7 տոկոսով:
Twitter-ի օգտատերերի թվաքանակը գործնականում չի փոխվել եռամսյակի ընթացքում եւ տարեկան արտահայտությամբ աճել է 4 տոկոսով՝ կազմելով 330 մլն մարդ: Փորձագետներն սպասում էին, որ օգտատերերի թիվը կհասնի 332 միլիոնի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: