«Գլխավոր դատախազն այնտեղ անելիք չունի». Արթուր Դավթյան

Շատ տրամաբանական է, որ ձևավորվելիք Անվտանգության խորհրդի կազմում գլխավոր դատախազը չի լինելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «Շատ տրամաբանական է, որովհետև տեսնում ենք նոր Անվտանգության խորհրդի կառուցվածքային ներգրավվածությունը, տեսնում եք նրա առջև դրված խնդիրներն ու լիազորությունները: Գլխավոր դատախազն այնտեղ անելիք չունի»,- նշեց Արթուր Դավթյանը:

Դիտարկմանը, որ Շիրակի մարզի դատախազը Շիրակի մարզպետին առաջարկել է Գյումրի քաղաքում հաշվառել մարմնավաճառներին, և հարցին՝ հնարավո՞ր է՝ նույնը կատարվի նաև Երևանում և մյուս մարզերում, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Այդ գործունեությունը մեզ մոտ երկար ժամանակ է՝ որպես պրոբլեմատիկ: Ես դեռևս Շենգավիթի դատախազ էի, երբ որոշակի քայլեր էի ձեռնարկել: Ինչո՞վ  էր դա պայմանավորված: Ձեր կողմից նշված համապատասխան անձինք իրենց վարքագծով շատ հաճախ նպաստում էին հանցագործությունների կատարմանը: Այսքանով հանդերձ, այն խնդրահարուց է, և այս ուղղությամբ, իհարկե, համապետական միջոցներ, քայլեր ձեռնարկելն անհրաժեշտ է, որոնք առաջիկայում մեր ուսումնասիրություններով կիրացվեն»:

Անդրադառնալով Medialab կայքի խմբագրին ուղղված սպառնալիքների դեպքին՝ Արթուր Դավթյանն ասաց. «Մենք անմիջապես ուղարկեցինք Ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու: Նյութերի նախապատրաստման իսկ փուլում պարզվել է այն անձը, ով գրառումները կատարել էր խմբագրի նկատմամբ:

Անձը հրավիրվել է Ոստիկանություն, նրանից բացատրություն է վերցվել, որի արդյունքներով քրեական գործի հարուցման համար հիմքերը բավարար համարելով՝ հսկողություն իրականացնող դատախազն այդ փաստով քրեական գործ է հարուցել: Քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե՝ նախաքննություն իրականացնելու համար: Քննիչը, ստանալով այդ քրեական գործը, անմիջապես վարույթ կընդունի, կհրավիրի հաղորդում տված անձին, նրան տուժողի դատավարական կարգավիճակ կտա, և կիրականացվի օբյեկտիվ քննություն՝ իր օբյեկտիվ իրավական գնահատականով: Այսինքն՝ մենք արդյունք ունենք: Ունենք անձ, ով համապատասխան հաղորդագրությունների հեղինակն է: Մեզ մնում է ընդամենը պատշաճ քննության արդյունքում նրա արարքին իրավաչափ քրեաիրավական գանահատական տալ»,- նշեց նա:

Կարդացեք նաև

Հարցին՝ արդյոք 10 օրը բավարա՞ր չէր այդ գործընթացի համար, գլխավոր դատախազը պատասխանեց, որ քրեադատավարական օրենքը 10 օր նախատեսել է միայն նյութերի նախապատրաստման համար: Նրա խոսքով՝ դա այն ժամկետը չէ, որ ասենք՝ անգործության են մատնվել, առավել ևս, երբ արդյունք ունենք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս