«Այստեղ այնքան զենք է հավաքված, որ կարող են ամբողջ տարածաշրջանը պայթեցնել». Արման Նավասարդյան

«Անկեղծ ասած՝ ոչ մի լուսավոր հեռանկար չեմ տեսնում թունելի ծայրում։ Այստեղ մեկ դրական բան կա։ Հաճախ ասում են՝ ինչո՞ւ են այսքան խորհրդակցում, այսքան հանդիպում, դա ոչինչ չի տալիս, և այլն, բայց ես համաձայն չեմ։ Անգամ պատերազմական իրադրության մեջ կողմերը պետք է բանակցեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, պատասխանելով 168.am-ի հարցին՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ բանակցային գործընթացի վրա, այս մասին ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։

Նրա խոսքով՝ ավելի լավ է բանակցել, քան կրակել. «Բոլոր բանակցություններն այնքան թանձր գաղտնիության վարագույրի հետևում են արվում, որ անել որևէ կանխատեսում՝ պրոֆեսիոնալ առումով այնքան էլ ճիշտ չի լինի»։

Հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ էր պայմանավորված ամերիկացի համանախագահի առանձին այցը Բաքու։ Ի պատասխան՝ դեսպանը հետևյալն ասաց. «Հիմա ամերիկացիները շատ են խոսում սպառազինությունների ներկրման մասին։ Դրանք շատ հեռուն գնացող հայտարարություններ կարող են լինել և իրենց հետ բերել անակնկալներ։ Դա նաև Հայաստանին է վերաբերում։ Աստված տա՝ այնպես լինի, որ ոչ մի զենք չներկրեն տարածաշրջան։

Ես միշտ ասել եմ, որ այստեղ այնքան զենք է հավաքված, որ կարող են ամբողջ տարածաշրջանը պայթեցնել։ Թե ով կշահի դրանից, դժվարանում եմ ասել, բայց լավ կլինի, որ տարածաշրջանը հայտարարվի ոչ ռազմական զոնա։ Ես չգիտեմ՝ դա որքանով է ռեալ, որովհետև զենքի վաճառքը միշտ առաջնային տեղ է գրավում պետությունների հետ հարաբերություններում։ Այնպես որ, դժվարանում եմ կոնկրետ ձեր հարցին պատասխանել, համենայնդեպս ամերիկյան մամուլում ոչ մի կոնկրետ բան չեմ գտել»։

Հիշեցնենք, որ մինչ համանախագահների տարածաշրջանային այցը, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը փետրվարի 3-ին առանձին օրակարգով այցելել է Բաքու:

Տեսանյութեր

Լրահոս