Բաժիններ՝

«Մեր թիմն ունի բոլոր այն որակները, որոնք անհրաժեշտ են նույնիսկ ամենահավակնոտ ծրագրերը կյանքի կոչելու համար». Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների տարեկան հաշվետվությունների ներկայացման շրջանակում, աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի հետ, հաղորդում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Խորհրդակցության ընթացքում վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանն ըստ ոլորտների ներկայացրել է 2017թ. կատարված աշխատանքների հաշվետվությունը, ինչպես նաև 2018թ. նախատեսված ծրագրերը:

Նախորդ տարի Կենտրոն վարչական շրջանում հետևողական աշխատանքներ են տարվել բակերի ու այգիների բարեկարգման, բնակելի ֆոնդի պահպանման, կրթամշակութային օջախների նորոգման ու հիմնանորոգման, ինչպես նաև կանաչապատման ուղղությամբ: Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը զեկուցել է, որ ամենօրյա համագործակցությունն է եղել նաև կենսապահովման ոլորտի գործընկեր կառույցների հետ, ինչի արդյունքում աշխատանքներ են տարվել ջրատար նոր համակարգերի կառուցման, բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերում մալուխների կարգաբերման ու մի շարք այլ ուղղություններով:

Ծավալուն աշխատանքներ են տարվել նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Կարապի լճի հարակից տարածքների բարեկարգման շրջանակում: Անդրադառնալով 2018թ. նախատեսված ծրագրերին՝ Արա Սադոյանը նշել է, որ, քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերին զուգահեռ, հետևողական քայլեր կձեռնարկվեն նաև մասնավոր հատվածի հետ համագործակցությունն էլ ավելի ակտիվացնելու և ներդրումային նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ:

«Պարոն քաղաքապետ, ուզում եմ վստահեցնել Ձեզ, որ վարչական շրջանի աշխատակազմը պատրաստ է նախորդ տարվա համեմատ հետևողականորեն ընդլայնել կատարվող ծրագրերի ծավալներն ու շրջանակները, ինչը որպես հստակ աշխատակարգ մշտապես առաջադրվում է Ձեր կողմից: Ամենօրյա աշխատանքներ կտարվեն նաև մասնավոր հատվածի հետ համագործակցությունն էլ ավելի ակտիվացնելու ուղղությամբ: Վարչական շրջանում ներդրումային ծրագրերի մասով այսօր ակտիվ աշխատանքներ են տարվում հյուրանոցային համալիրների կառուցման ուղղությամբ: Այս տարի վերակառուցումից հետո մասնավորի կողմից շահագործման կհանձնվի նաև երկու բարեկարգ ու հարմարավետ զբոսայգի, որն անչափ սպասված ծրագիր էր մեր բնակիչների համար», – նշել է Արա Սադոյանը:

Ընդհանուր առմամբ դրական գնահատելով Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի կատարած աշխատանքը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է մայրաքաղաքի կենտրոնի ավտոտրանսպորտային հոսքերի բեռնաթափման խնդիրը:

«Վերջին տարիներին մենք հետևողական աշխատանքներ ենք իրականացնում Երևանի կենտրոնը ավտոտրանսպորտային հոսքերից բեռնաթափելու նպատակով: Ճանապարհաշինական խոշոր ծրագրերին զուգահեռ՝ այսօր արդեն տարբերակներ ենք քննարկում նաև ստորգետնյա ավտոկայանատեղիների կառուցման ու Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ որոշ փողոցներում երթևեկության կազմակերպման հարցում նոր մոտեցումներ կիրառելու ուղղությամբ: Համոզված եմ, որ ճիշտ լուծումների արդյունքում մենք զգալիորեն կնվազեցնենք այն անհարմարավետությունը, որն այսօր առկա է մայրաքաղաքի կենտրոնում», – ընդգծել է քաղաքապետը:

Անդրադառնալով կանաչ տարածքների ընդլայնմանն ու խնամքին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել այս հարցը:

«Մենք պետք է տարեցտարի կրկնապատկենք աշխատանքները կանաչ գոտիների ընդլայնման ու պատշաճ խնամքի ուղղությամբ: Կենտրոն վարչական շրջանը մայրաքաղաքի դեմքն է, ու ոլորտի պատասխանատուներն այս ուղղությամբ շատ անելիքներ ունեն: Բոլոր գործիքները տրված են, որ անբարեխիղճ տնտեսվարողին կամ վարձակալին ստիպեք պատշաճ կատարել ստանձնած պարտավորությունները: Բացի այդ, հարկավոր է կիրառել կանաչապատ տարածքների խնամքի նոր մոտեցումներ, կանաչապատման սակավ հնարավորությամբ տարածքներում կիրառել այլընտրանքային կանաչապատում: Այս հարցում անհրաժեշտ է ամենօրյա սրտացավ ու հետևողական աշխատանք: Համոզված եմ, որ մեր թիմն ունի բոլոր այն որակները, որոնք անհրաժեշտ են նույնիսկ ամենահավակնոտ ծրագրերը կյանքի կոչելու և Երևանի շարունակական զարգացումն ապահովելու համար», – նշել է Տարոն Մարգարյանը:

Խորհրդակցության ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս աշխատակազմի ուշադրությունը հրավիրել է զբոսաշրջության զարգացման ուղղությամբ ենթակառուցվածքների ստեղծմանը՝ ընդգծելով, որ Երևանը դեռևս ամբողջությամբ և արժանիորեն բացահայտված չէ թե՛ զբոսաշրջիկների, և թե՛ հենց քաղաքի բնակիչների համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս