Բաժիններ՝

Թուրքիայի արտգործնախարարը Իրանի նախագահին վստահեցրել է «Ձիթենու ճյուղ» գործողության ժամանակավոր լինելու մեջ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Թեհրանում Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է, որ սիրիական Աֆրինի շրջանում թուրքական ԶՈւ կողմից քրդերի դեմ իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողությունը ժամանակավոր բնույթ է կրում: Այս մասին հայտնում է Diken պարբերականը:

Գերմանական Deutsche Welle պարբերականի թուրքական բաժնի փոխանցմամբ` Ռուհանին Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո նշել է, որ Սիրիան կարիք ունի անվտանգության և խաղաղության այլ ոչ թե ավելի մեծ արյունահեղության:

Ռուհանին Չավուշօղլուին կոչ է արել պահ առաջ վերջ տալ Աֆրինում սկսած ռազմական գործողությանը:

«Իրանը և Թուրքիան ունեն բավարար ուժ ավելի մեծ արյունահեղություն և փախստականների նոր ալիքներ թույլ չտալու համար»,- նշել է Հասան Ռուհանին:

Չավուշօղլուն Իրանի նախագահին վստահեցրել է, որ Աֆրինում Թուրքիայի գործողություններն ուղղված չեն Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ:

Թուրք-սիրիական սահմանին գտնվող Աֆրին շրջանը արդեն 20 օր է գտնվում է Թուրքական զորքի հարձակումների տակ:

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել է քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիական սահմանը՝ սկսելով ցամաքային գործողությունները: Թուրքիայի գործողություններին աջակցում է նաև Սիրիայի ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը»: Ահաբեկչական տարրերի դեմ պայքարելու հիմնավորմամբ թուրքական զինուժն իրականում գործողություններն ուղղում է քրդերի, այդ թվում և խաղաղ բնակչության դեմ: Աֆրինում պաշտպանվող քրդերը սպանել են ավելի քան 60 թուրք զինվորների և զինյալների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս