![](/banners/BeFunky-design.jpg)
Ամերիկացի հրամանատարը կոշտ պատասխան է տվել Էրդողանի՝ սիրիական Մանբիջի վրա հարձակվելու մասին հայտարարությանը
![](https://168.am/wp-content/uploads/2018/02/922000_640x420.jpg)
ԱՄՆ զինված ուժերի գեներալ Փոլ Ֆանքը, ով Սիրիայի տարածքում և Իրաքում գործող ԱՄՆ գլխավորած կոալիցիայի զինված ուժերի հրամանատարն է, կոշտ արձագանք է տվել սիրիական Մանբիջի վրա հարձակվելու Թուրքիայի նախագահի հայտարարություններին: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Ամերիկացի հրամանատարը նշել է, որ Մանբիջի վրա թուրքական ԶՈւ հարձակման պարագայում իրենք համապատասխան հակահարված են տալու Թուրքիային:
«Կոալիցիոն ուժերը Մանբիջում են, որպեսզի ամրապնդեն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ տարած հաղթանակը, եթե Թուրքիան հարձակվի Մանբիջի վրա մենք համապատասխան հակահարված ենք տալու»,- նշել է Փոլ Ֆանքը:
Հրամանատարը ևս մեկ անգամ վերահաստատել է իրենց վստահությունը քրդական ուժերի նկատմամբ, որոնք համագործակցելով կոալիցիայի ուժերի հետ Ռաքքան ազատագրել են «Իսլամական պետության» ահաբեկիչներից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և արտգործնախարար Չավուշօղլուն տարբեր հանդիպումների շրջանակներում ունեցած ելույթների ժամանակ ԱՄՆ-ին մեղադրում են Սիրիայի տարածքում քրդերին օժանդակելու և Թուրքիայի դեմ գործելու մեջ: Էրդողանը հայտնել էր, որ Թուրքական ԶՈւ-ն սիրիական Աֆրինից հետո շարժվելու է Մանբիջ, որտեղ տեղակայված են ԱՄՆ զորքեր: Էրդողանն ԱՄՆ-ին հորդորել էր իր զորքերը դուրս բերել Մանբիջից: ԱՄՆ-ը պատասխանել էր, որ իրենք զորքերը դուրս բերելու մտադրություն չունեն: