Բաժիններ՝

«Երբ ինչ-որ հարցի քաղաքականություն ես մշակում, այնպես չէ, որ միայն սրտով պետք է շարժվես». Արթուր Հովհաննիսյան

«Երբ ինչ-որ հարցի քաղաքականություն ես մշակում, այնպես չէ, որ միայն սրտով պետք է շարժվես: Դատական տուգանքը, ես կարծում եմ, կարող է արդյունավետ ծառայել դատական նիստի բնականոն գործընթացն ապահովելու համար: Ավելի խիստ պատժամիջոցներ էին մտածում, որին ես անձամբ դեմ էի, օրինակ` երկրներ կան, որ կալանքը նույնպես կիրառվում է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է ինքը վերաբերվում փաստաբանների նկատմամբ տուգանքներին, երբ անձամբ նախկինում փաստաբան է եղել:

Ըստ նրա` այս սանկցիաները չեն կիրառվում հենց փաստաբանների դեմ, որովհետև նույն կերպ բոլոր մասնակիցների հետ են վարվում, և դատախազը նույնպես դատական նիստում կարգ ու կանոն պետք է պահպանի, ու նույն սանկցիան նրա հանդեպ է կիրառվելու. «Եթե դատավորը չարաշահի իր լիազորությունները և անհիմն սանկցիաներ կիրառի փաստաբանների նկատմամբ, առավելագույն  խստությամբ պատժվելու են նոր սահմանադրական օրենքի շրջանակներում»:

Ա.Հովհաննիսյանը հարցադրում արեց` եթե փաստաբանը գործադուլի կամ այլ պատճառով չի մասնակցում նիստին, ի՞նչ լծակ ունի դատավորը նիստի բնականոն ընթացքն ապահովելու համար. «Ոչ մի լծակ չունի»:

Նա հիշեցրեց, որ փաստաբանը երդվում է պատշաճ կատարել իր պարտականությունները, պաշտպանել վստահորդի շահերը:

«Փաստաբանի տեսանկյունից նայելով` ինքս այստեղ խնդիր չեմ տեսնում, որովհետև իմ բազմամյա տարիների փորձը ցույց է տալիս, որ կարելի է վստահորդի շահերը լավ պաշտպանել` առանց խախտելու դատավարական կանոնները: Եվ դատավորները երբեք արհեստական սանկցիաներ չեն կիրառել: Բարեխիղճ փաստաբանի համար այս սանկցիաները բացարձակապես ոչ մի վտանգ չեն ներկայացնում»,- ասաց փոխնախարարը` հավելելով, որ ՄԻԵԴ-ը խնդիր է տեսնում, երբ դատարանը  կալանք է սահմանում փաստաբանի համար, իսկ տուգանքի հետ կապված խնդիր չկա:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում քննարկված «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու նախագծով դատավորներին դատական նիստերի ժամանակ իրավունք է տրվում դատական սանկցիաներ (100 հազար դրամ տուգանք) կիրառել փաստաբանների ու դատախազների նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս