«Պետք չէ գերագնահատել Ադրբեջանին». Արտյոմ Տոնոյան
«Իրանը մշտապես կրոնական քաղաքականություն է վարում Ադրբեջանում, և ըստ էության դա կշարունակվի արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակ։ Սակայն, եթե նայենք այն գործիչներին, որոնք կարող են ավելի ակտիվ դարձնել այդ պայքարը, ապա ամենակարևոր ներկայացուցիչներից մեկն այս պահին կալանավայրում է, և այս պահին Իրանի հնարավորություններն ավելի սահմանափակ են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանը։
Ինչ վերաբերում է այն կարծիքներին, թե Ադրբեջանի արտահերթ ընտրությունների նշանակումը կարող է պայմանավորված լինել Արցախի հարցով, իրանագետն ասաց, որ չպետք է գերագնահատել Ադրբեջանին.
«Ավելորդ գերագնահատումը բերում է հասարակական անհիմն խուճապի։ Ադրբեջանի հիմնական ընդդիմադիր գործիչները հրաժարվում են մասնակցել ընտրություններին։ Արդեն իսկ եղել են հայտարարություններ։ ՌԵԱԼ շարժման առաջնորդ Իլղար Մամեդովը կալանավայրում է, հետևաբար, չի կարողանալու մասնակցել ընտրություններին։ Ի դեպ, սա նույնպես համարվում է արտահերթ ընտրություններ նշանակելու պատճառներից մեկը։
Մյուս քաղաքական ուժը, որ կարող էր որոշակի դերակատարություն ունենալ, ևս չի մասնակցելու և բոյկոտելու է ընտրությունները․ խոսքն ԱՀ ընդդիմադիր կուսակցությունների դաշինք հանդիսացող Ազգային խորհրդի մասին է, որի երկու դեմքերը՝ Ջամիլ Հասանլին և Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քարիմլին, հայտարարել են, որ բոյկոտելու են նշանակված արտահերթ ընտրությունները՝ չմասնակցելով դրանց։ Մուսաֆաթ կուսակցության ղեկավար կազմը՝ հանձինս Իսա Ղամբարի և ԱրիՖ Հաջիլիի, չնայած արտահերթ ընտրությունների մասին Ի․ Ալիևի որոշման խիստ քննադատությանը, այնուամենայնիվ, դեռ չեն կայացրել որոշում՝ ընտրություններին մասնակցելու կամ դրանք բոյկոտելու մասին»։
Իսկ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերը, ըստ նրա՝ չունեն քաղաքական դեմք և որևէ ազդեցություն Ադրբեջանում. «Նրանց մի մասը նույնիսկ ծիծաղելի կերպարներ են Ադրբեջանի հասարակության համար։ Ակնհայտ է, որ Իլհամ Ալիևը լուրջ մրցակից չի ունենալու, և այս անձինք իրենց թեկնածությունն առաջադրկել են նաև նրա հրահանգով»։