«Ալիևն այնքան ուժեղ չէ, որ կարողանա նրանց չեզոքացնել դաշտից». Աշոտ Մովսիսյան

«Ադրբեջանում նախագահական ընտրությունները ոչ միայն արտահերթ են, այլ նաև արտակարգ են, որովհետև հանրային շրջանում ոչ մի ազդակ չի եղել, որ Ադրբեջանում անցկացվեն նախագահական ընտրություններ։ Ալիևն ուղղակի այս քայլով փորձեց իր համար հարթել ամեն ինչ և անցում կատարել ավելի ուժեղ նախագահական համակարգի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը։

Ըստ նրա՝ Ալիևը փորձում է առանց ընտրապայքարի նախագահ ընտրվել, որովհետև ընդդիմությունից կային ազդակներ, որ կարող են համախմբվել և միասնական թեկնածուով հանդես գալ աշնանը սպասվելիք նախագահական ընտրություններում, իսկ Ալիևին այս պահին, նրա խոսքով՝ նման զարգացումներ պետք չեն. «Ալիևը պատրաստ չէ լուրջ բարեփոխումներ անել, որպեսզի գոնե այդ 6 ամսվա ընթացքում կարողանա հանրության շրջանում բարձրացնել իր վարկանիշը»։

Ադրբեջանագետը նկատեց՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին, նաև՝ տարածաշրջանի երկրներին անակնկալի բերելով, Ալիևը փորձում է երևալ՝ որպես անկախ գործիչ, որը կարող է երկրի ներսում իրեն թույլ տալ ցանկացած քայլ. «Դրանով նաև փորձում է ապացուցել, որ ինքը կարող է Ադրբեջանի ներսում հարցեր լուծել, և, որ Ադրբեջանում չկա որևէ մեկը, որը կարող է փոխարինել իրեն։

2013 թվականին Ալիևը դառը փորձ ունեցել է, երբ ՌԴ-ի կողմից որոշ միջամտության փորձեր են կատարվել նախագահական ընտրությունների ժամանակ։ Դրանք եղել են ընդդիմադիր գործիչներին գաղտնի աջակցություն ցուցաբերելով, իսկ առերես աջակցում էր Իլհամ Ալիևին։ Արևմուտքի կողմից ճնշումներն ավելի շատ ենք տեսնում, որովհետև դրանք ուղղված են լինում Ադրբեջանում մարդու իրավունքների հաստատմանը, ժողովրդավարության զարգացմանը, և այս ամենն ապահովելու համար Ալիևը շատ լուրջ համակարգային բարեփոխումներ պետք է իրականացնի, իսկ դրանք անպայման հակասելու են կլանային բոլոր դասերին։

Եթե բարեփոխումներ իրականացնի, ապա շատ կոռումպացված կերպարներ պետք է ոչ միայն հեռացվեն իշխանությունից, այլև դատապարտվեն։ Իսկ Ալիևն այնքան ուժեղ չէ, որ կարողանա նրանց չեզոքացնել դաշտից։ Այդ պատճառով, փորձելով խուսափել Արևմուտքի պատժամիջոցներից, հնարավոր զարգացումներից՝ Ալիևն անակնկալի բերեց և՛ ներքին հասարակությանը, և՛ ընդդիմությանը, և՛ միջազգային հանրությանը՝ անցկացնելով վաղաժամ նախագահական ընտրություններ»։

Տեսանյութեր

Լրահոս