«Իրանը նպատակ ունի իսլամական հեղափոխություն կազմակերպել Ադրբեջանում». Վարդան Ոսկանյան
«Առնվազն Ադրբեջանի 2 հարևան պետության կողմից շահագրգռվածություն չկա այդ երկիրը մասնատելու։ Խոսքը վերաբերում է Ռուսաստանին և Իրանին․ երկու կողմերն էլ ծրագրում են ամբողջությամբ կլանել Ադրբեջանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նրա խոսքով՝ թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը չեն ցանկանում կիսել Ադրբեջանը, այլ ցանկանում են ամբողջությամբ վերցնել այն. «Բնական է, որ այդ ամենն արվում է բավական քաղաքակիրթ մեթոդաբանությամբ, եթե դա կարելի է քաղաքակիրթ կոչել։ Իրանցիներն ուժեղացնում են շիայական, այսինքն՝ Ադրբեջանի համար ավանդական իսլամի ուղղության հետևորդների ազդեցությունը՝ հեռանկարում ունենալով այս պետությունում իսլամական հեղափոխություն կազմակերպելու գործընթացը, և, ի վերջո, պրոիրանական վարչակարգի իշխանության հաստատումն Ադրբեջանում»։
Իսկ ռուսական կողմը, ըստ Ոսկանյանի՝ շատ ավելի բազմազան ազդեցության լծակներ ունի, որոնց շարքում է նաև տնտեսական լծակը. «Ռուսաստանն ամենևին դեմ չէր լինի՝ որպես առաջին քայլ՝ Ադրբեջանին ներգրավել ԵՏՄ-ում։ Բայց ակնհայտ է, որ Բաքվի բռնապետն էլ չի ուզենա սահմանափակել իր բացարձակ գրեթե միապետական իշխանությունը՝ նմանատիպ դաշինքների կամ միավորումների անդամակցելով»։