Բաժիններ՝

Գազայում հիվանդանոցներն սկսել են փակվել էլեկտրաէներգիայի պակասի պատճառով

Գազայի հատվածում պահուստային էլեկտրագեներատորների համար վառելանյութի պակասը հիվանդանոցներին եւ բժշկական կենտրոններին հարկադրում է փակվելու: Այդ մասին նախազգուշացրել են ՄԱԿ-ում՝ կոչ անելով աջակցություն ցույց տալ տարածաշրջանին:

Եթե վառելիքի պաշարները չհամալրվեն, բոլոր բժշկական հիմնարկները հարկադրված կլինեն 10 օրվա ընթացքում դադարեցնել աշխատանքը, նշել են ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչությունում:

Գազայում փակվել են 13 խոշոր հիվանդանոցներից երեքը, ինչպես նաեւ 54 բժշկական կենտրոններից 14-ը, հայտարարել է Պաղեստինի առողջապահության նախարարությունում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Աշրաֆ ալ Քիդրան:

Հոսանքազրկված հիմնարկություններից ծանր հիվանդներին տեղափոխել են գործող հիվանդանոցներ, որոնք աշխատում են էներգիայի նվազագույն ծախսումներով: Վառելիքի պաշարների խնդիրները կապված են Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ շարժման եւ Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավարության միջեւ ծագած տարաձայնությունների հետ: Չնայած այն բանին, որ 2017 թվականի հոկտեմբերին կողմերը համաձայնագիր ստորագրեցին Պաղեստինի իշխանությունների ներքո տարածքների միավորման մասին, առաջվա պես բացակայում են համաձայնությունները տարբեր տարածաշրջանների Էներգամատակարարման շուրջը:

Ամեն օր Գազայի հատվածում ժամանակի մեծ մասն էներգամատակարարումն անջատված է: Տարածաշրջանը, որտեղ շուրջ 2 միլիոն մարդ է բնակվում, էլեկտրաէներգիայով ապահովվում է օրական սոսկ 4 – 6 ժամ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս