Բաժիններ՝

«Թե մեր հասարակության, և թե իշխանական օղակներում որևէ պատկառանք չկա մեր պետական սիմվոլների նկատմամբ». Նարինե Թուխիկյան

«Արամ Մանուկյանի արձանի շուրջ այս ամբողջ իրարանցումը շատ բնական է և մեր երկրի բարոյական վիճակին հարիր».- նկատում է Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ուր ներկայացվեց՝ ի՞նչ ձևով է հաստատվել և հանրությանը ներկայացվել Արամ Մանուկյանի արձանի նախագիծը, անդրադարձ կատարվեց նաև հարցին, թե ինչո՞ւ է Առաջին Հանրապետության 100-ամյակին ընդառաջ՝ Արամ Մանուկյանի տունը մնում անմխիթար վիճակում:

Ըստ բանախոսի՝ գերիշխողը նույն «սաքուլիկային» մոտեցումն է՝ ինչպես մշակույթի և գիտության, այնպես նաև՝ մնացյալ բոլոր ոլորտներում: Նարինե Թուխիկյանը նկատում է՝ հիշենք, թե ինչպե՞ս են պաշտպանվում թեզերը, և, թե ընդհանրապես ինչպես է մեր երկրում որևէ հարց լուծվում.

«Ցավոք սրտի, մենք ապրում ենք հետամնաց, անսեր և բարոյազուրկ մի միջավայրում, որ շատ ներդաշնակ է մեր իրականությանը՝ անկախ անուններից: Կարծում եմ, որ մեր իրականության մեջ, ցավոք, այլ կերպ չէր էլ կարող լինել: Ինչ վերաբերում է Արամ Մանուկյանի արձանի հետ կապված խնդրին, ապա կարծում եմ՝ այստեղ միանշանակ կոռուպցիա կա, ես դրանում վստահ եմ: Եթե ասում են, որ առաջին փուլից հետո երկրորդ փուլ էին անցել կոնկրետ մարդիկ, և հանկարծ երկրորդ փուլից մրցույթին են միանում բոլորովին նոր անուններ, իսկ նման բան որևէ տեղ չի լինում՝ մրցույթի երկրորդ փուլից նոր մասնակիցներ չեն կարող միանալ, ապա այստեղ խոսքը կոռուպցիայի մասին է: Բոլոր այն հոռի բարքերը, որ կան մեր իրականության մեջ, հերթական անգամ իրենց դրսևորումը գտան մշակույթում, որն ամենասոսկալին է»:

Նարինե Թուխիկյանն առաջարկում է մի պահ դուրս գալ Արամ Մանուկյանի արձանի հետ կապված խնդրից և նայել, թե ի՞նչ կատարվեց մեր քաղաքի հետ: «Ի՞նչ արեցին մեր քաղաքի հետ». հռետորական հարց է ուղղում բանախոսն ու շարունակում.

«Ինչպիսի քաղաքաշինական աղետալի դիսբալանս և աններդաշնակություն է կատարվել մեր քաղաքի հետ, որը մեր աչքի առաջ անընդհատ շարունակվում է: Շատ լուրջ հոգեբանական և հոգեբուժական միջամտության կարիք կա, եթե, իհարկե, այդ միջամտությունը լինի, գնալով մեր հիվանդությունները խորանում են: Տգիտությունը, անճաշակությունն ու տխմարությունը դարձել են նորմեր»:

Անդրադառնալով Արամ Մանուկյանի արձանի շուրջ ծագած վեճին և հատկապես դրա գեղագիտական լուծումների թեմային՝ Նարինե Թուխիկյանը նկատում է.

«Շատ խոսվեց դրոշի մասին, իսկ ի՞նչ է դրոշը՝ դա մեր ազգային կարևորագույն սիմվոլներից մեկն է: Ես հարցին այլ տեսանկյունից եմ ուզում նայել՝ թե մեր հասարակության, և թե իշխանական օղակներում, որոնց վարքը կարծես փոխկապակցված է, որևէ պատկառանք չկա մեր պետական սիմվոլների նկատմամբ: Եթե հայ ոստիկանը կարող է Հայաստանի դրոշը վերցնել ու շպրտել գետնին, ապա ինչո՞ւ չի կարելի քանդակում դրոշն այս կերպով պատկերել»:

Պատասխանելով 168.am-ի հարցին՝ արդյո՞ք միայն արձանների տեսքով է պետք հարգել պատմական այս կամ այն նշանակության անհատների հիշատակը, հատկապես, երբ տվյալ պարագայում քաղաքի կենտրոնում՝ բաց երկնքի տակ, քանդվում է Արամ Մանուկյանի տունը, Նարինե Թուխիկյանը պատասխանում է՝ ընդհանրապես, մեր երկրում ամեն բան կեղծիքի վրա է հիմնված.

«Մեծ ամբիոններից մենք հայրենասիրության մասին բոցաշունչ ելույթներ ենք ունենում, դասեր ենք տալիս, թե ինչպիսին պետք է լինի հայրենասեր մարդը, և այլն: Այո, Արամ Մանուկյանի տունը, որտեղ նա անցկացրել է իր կյանքի վերջին տարիները, և որտեղ նա մահացել է՝ մասունք է, որն արդեն քսանից ավելի տարի այս վիճակում է՝ գնալով փլվում և քանդվում է: Ինչքանով ես տեղյակ եմ, դա մասնավոր սեփականություն է, և ամեն դեպքում, եթե դու անգամ դա վաճառել ես, որպես պետություն՝ պարտավոր ես հստակ պահանջներ և պարտավորություններ դնել սեփականատիրոջ առաջ, թե ինչպես է նա պարտավոր խնամել և հոգ տանել կառույցի նկատմամբ, հատկապես, եթե այդ կառույցը մեր երկրի համար պատմամշակութային հուշարձանի նշանակություն ունի: Այն վանդալիզմը, որ մի կողմից մենք տեսնում ենք Արամի փողոցում՝ Արամ Մանուկյանի տան նկատմամբ, և այն հայրենասիրական բոցաշունչ ելույթները, որով իբր ուզում են հարգել նրա հիշատակը, այնքան կեղծ ու անբնական է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս