Բաժիններ՝

«Ամեն ինչ անելու եմ Հայաստանը պատվով ներկայացնելու համար». օլիմպիական Միքայել Միքայելյան

Հաշված օրեր անց Փհենչհանում կվառվի ձմեռային 23-րդ Օլիմպիական խաղերի կրակը` ազդարարելով «Սպիտակ խաղերի» մեկնարկը: Հայաստանն այս տարի խաղերին մասնակցում է միայն 3 մարզիկով: Մեր երկու դահուկորդներից մեկը հայկական դահուկասպորտի ամենահեռանկարային մարզիկներից մեկն է` Միքայել Միքայելյանը: Վերջինս «Արմենպրես»-ի հետ զրույցում խոսեց Օլիմպիական խաղերի, աշխարհի Մ23 տարեկանների առաջնության մասին:

-Միքայել, օրեր առաջ մասնակցեցիք դահուկավազքի աշխարհի Մ23 տարեկանների առաջնությանը: Գո՞հ եք արդյոք:

-Պարզապես հիանալի կլիներ, եթե ինձ հաջողվեր մտնել լավագույն 20-ի մեջ, սակայն տարբերությունը 20-յակի մեջ մտնողների և իմ` 23-րդ տեղի միջև, ընդամենը 15 վայրկյան էր: Այդ 15 վայրկյանն այսօր կա, վաղը չի լինի: Լավագույն 20-յակի մեջ չմտնելը պայմանավորված էր իմ մեկնարկային դիրքից, այսինքն` մասսայական մեկնարկ էր, մոտ 100 մասնակից կար և ես 50-րդն էի: Ավելի դժվար էր առաջ անցնելը: Եթե վարկանիշս բարձր լիներ և ավելի շուտ մեկնարկեի, ապա այդ դեպքում վստահաբար կլինեի 20 լավագույնների շարքում:

-Ինչպիսի՞ն էին մրցակիցները:

-Բոլոր պետություններից 4 լավագույններն էին ներկայացել: Եթե 2016 թվականի պատանեկան Օլիմպիական խաղերում ներկայացել էին լավագույն 2 մարզիկները, ապա Մ23 տարեկանների առաջնությանը մասնակցում էին դահուկային-էլիտայի ներկայացուցիչները:

-Ձեր հաջորդ մեկնարկն Օլիմպիական խաղերն են: Ի՞նչ դասեր պետք է քաղեք այս Խաղերից, քանի որ մեդալների համար չենք պայքարելու:

-Եթե անկեղծ, ապա իմ նպատակն աշխարհի Մ23 տարեկանների առաջնությունում լավ հանդես գալն էր: Իսկ Օլիմպիական խաղերին կլինեմ որպես մասնակից, ոչինչ ավելին: Չեմ կարող ասել, որ ակնկալիքներ ունեմ, բայց ամեն ինչ անելու եմ Հայաստանը պատվով ներկայացնելու և Հայաստանի բոլոր դրական կողմերը ցույց տալու համար:

-Միքայել, դուք Օլիմպիական խաղերին մասնակցելու փորձ ունեք: Եղել եք պատանեկան Օլիմպիական խաղերում՝ Լիլիհամերում 2016 թվականին: Արդյոք կօգնի՞ այդ փորձը ձեզ:

-Մեկնարկներն ամեն տեղ նույնն են՝ լինեն դրանք Հայաստանի առաջնությունում, թե Լիլիհամերի պատանեկան Խաղերում: Որպես այդպիսին փորձ ունեմ:

-Դուք ընդամենը18 տարեկան եք: Պատասխանատվության զգացումը մե՞ծ չէ:

-Մի պահ զգում եմ այդ պատասխանատվությունը, բայց երբ նայում եմ հետ, նայում եմ, թե ինչպիսի աշխատանք եմ կատարել ամռանը և ինչպես եմ նախապատրաստվել, ապա հասկանում եմ, որ Խաղերին մասնակցելը աշխատանքիս արդյունքն է:

Վարվառա Հայրապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս