Էկվադորի իշխանությունները կշարունակեն պաշտպանել Ասանժին
Էկվադորը կշարունակի պաշտպանություն տրամադրել WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժին: Փետրվարի 6-ին այս մասին հայտնել է հարավամերիկյան երկրի արտաքին գործերի նախարարությունը։
«Արտաքին գործերի եւ միգրացիայի նախարարությունը հայտնում է, որ Էկվադորի կառավարությունը կշարունակի միջազգային պաշտպանություն տրամադրել քաղաքացի Ջուլիան Ասանժին այնքան ժամանակ, քանի դեռ սպառնալիք գոյություն կունենա նրա կյանքի համար»,- նշված է արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ, որը զետեղված է նրա պաշտոնական կայքում:
Փետրվարի 6-ին Լոնդոնի դատարանը հիմքեր չի գտել բավարարելու Ասանժի կալանագրի վերացման պահանջը: Այդ վճիռը հիմնավորվել է նրանով, որ WikiLeaks-ի հիմնադիրը խախտել է գործող դատական ընթացակարգը՝ չներկայանալով լսումներին: Դատարանը սույն հարցի քննարկմանը կվերադառնա փետրվարի 13-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: