«Ակնառու է, որ պատահելիքը պետք է լինի ինչ-որ «կտրուկ» բան». «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանի պաշտոնաթողության եւ նոր վարչապետի նշանակման հարցը շարունակում է Հայաստանում լինել կանխագուշակությունների, վերլուծությունների, անգամ գուցե գրազների առարկա: Ընդ որում՝ բոլորը համոզված են, որ Սերժ Սարգսյանի վարչապետությունը վճռված է, սակայն, այսպես ասած, չեն ասում ժամանակից շուտ, որ հանրության տրամադրությունը չընկնի:

Եթե լուրջ, ապա իրավիճակը պարզապես տարօրինակ է, որովհետեւ կա խորհրդարանի ընտրությանը հաղթած կուսակցություն, որն ունի բացարձակ մեծամասնություն, սակայն այդ կուսակցությունը պատասխան չունի վարչապետի հարցում:

Նախ՝ հիմնական կամ-կամը կարծես թե Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան տիրույթում է, եւ ըստ այդմ էլ՝ նաեւ կա մի բավականին կոնկրետ հարց:

Կառավարության պաշտոնական հրաժարականին, այսինքն՝ Սերժ Սարգսյանի նախագահության ավարտին մնացել է 2,5 ամիս: Այստեղ հարաբերական է, իհարկե, շատ, թե քիչ ժամանակի հարցը, այդուհանդերձ՝ եթե Կարեն Կարապետյանը չի մնում, ապա ի՞նչ հիմնավորմամբ է ՀՀԿ-ն հրաժարվում նրան առաջադրվել, ի՞նչ հիմնավորմամբ է առաջադրվում Սերժ Սարգսյանը:

Ի վերջո, եթե չլինի ծանրակշիռ հիմնավորում, ապա Կարեն Կարապետյանը պարզապես դառնում է ծիծաղի առարկա գործիչ, եթե հեռանում է ուղղակի՝ թեկուզ առաջին փոխվարչապետի պաշտոնում մնալով:

Ներկայումս Կարեն Կարապետյանի կառավարության գործունության արդյունքից չի բողոքում իշխանական որեւէ թեւ, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը: Նա նույնիսկ ասում է, որ կառավարությունը մի բան էլ ավելին է անում, քան սահմանված է ծրագրով:

Կարեն Կարապետյանը հայտարարում է, որ շարունակելու են բարեփոխումները՝ Դավոսում է ասում, «Եվրանյուզին» տված մեկ րոպեանոց հարցազրույցում: ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը կառավարությունում հավաստիացնում է բարեփոխումներին աջակցելու պատրաստակամությունը: Ամեն ինչ կարծես թե գնում է հալած յուղի նման:

Ուրեմն ի՞նչ է պատահելու, որ ՀՀԿ-ն ունենա Կարեն Կարապետյանի փոխարեն այլ թեկնածու, մասնավորապես Սերժ Սարգսյանին առաջադրելու հիմք: Ինչ էլ որ պատահի, կարծես թե ակնառու է, որ պատահելիքը պետք է լինի ինչ-որ «կտրուկ» բան:

Համենայնդեպս, ներկայիս, այսպես ասած, գովաբանական իդիլիայի պայմաններում դժվար է պատկերացնել, թե 2,5 ամիսների ընթացքում ինչպես է հնարավոր այդ գովաբանությունից սահուն անցում կատարել դժգոհության:

Հետեւաբար, եթե Կարեն Կարապետյանը չի մնում, եթե առաջադրվելու է Սերժ Սարգսյանը, ապա դա նշանակում է, որ առաջիկա 2,5 ամիսներին պետք է տեղի ունենա իրավիճակի կտրուկ փոփոխություն, որը կլինի կառավարության, մասնավորապես՝ Կարեն Կարապետյանի հանդեպ վերաբերմունքի կտրուկ փոփոխության հիմքում:

Մյուս հարցն այդ դեպքում այն է, թե ո՞ր ոլորտում եւ ի՞նչ ուղղությամբ կդիտարկվի կտրուկ փոփոխության նպատակահարմարությունը՝ տնտեսական եւ սոցիալակա՞ն, թե՞ անվտանգային:

Ընդ որում՝ այդ տեսանկյունից արժե ուշադրության կենտրոնում պահել եւ մշտապես աչքի առաջ ունենալ Ադրբեջանում անսպասելի զարգացումը, երբ Ալիեւը հոկտեմբերին սպասվող հերթական նախագահական ընտրությունը հանկարծ որոշեց տեղափոխել եւ բերել առաջ՝ ապրիլի 11:

Իհարկե, մեղմ ասած, չկան հիմքեր, համենայնդեպս՝ առայժմ, կարծելու, թե այստեղ կա Հայաստանի իրավիճակի հետ կապ, սակայն ուշադիր լինելը եւ հետեւելը այդ զուգահեռի ընթացքին՝ թերեւս ավելորդ չէ:

Առավել եւս, որ անվտանգության ոլորտում կտրուկ փոփոխություն հնարավոր չէ միայն Հայաստանի նախաձեռնությամբ: Ավելին՝ Հայաստանն այստեղ լիովին հակառակ դիրքերից է հանդես գալիս եւ խոսում կայունությունն ամրապնդելու միջազգային ջանքերի ակտիվացման մասին:

Ըստ այդմ՝ անվտանգության ոլորտում իրավիճակի կտրուկ փոփոխություն եթե կարող է լինել, ապա գերազանցապես Ադրբեջանից, թեեւ ամենեւին պետք չէ բացառել նաեւ որեւէ սադրանք Ռուսաստանից, որը շարունակում է ադրբեջանական ագրեսիան սպառազինությամբ սնելու քաղաքականությունը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս