
Կարեն Կարապետյանն իրականում բյուջեի հաշվի՞ն է Դավոս մեկնել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դավոսյան տնտեսական համաժողովին մասնակցելու համար հատուկ չարտերային չվերթով վարչապետ Կարեն Կարապետյանի` Շվեյցարիա այցի շուրջ նոր մանրամասներ են ի հայտ գալիս:
Հիշո՞ւմ եք, երբ Կարեն Կարապետյանը սոցիալական ցանցերում հրապարակեց լուսանկարներ ինքնաթիռից, կառավարությունից շտապեցին պարզաբանել, թե նա մեկնել է մասնավոր օդանավով, որի համար պետական բյուջեից որեւէ գումար չի տրամադրվել:
Մինչդեռ թերթը պարզեց, որ այդ այցից առաջ` հունվարի 11-ին, վարչապետը պաշտոնական պատվիրակություն գործուղելու մասին որոշում է կայացրել, որտեղ եւ հանձնարարված է բյուջեից գումարներ տրամադրել այդ նպատակով:
«Ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն ՀՀ կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության»,- նշված է վարչապետ Կարեն Կարապետյանի՝ 2018թ. հունվարի 11-ի 4-Ա որոշման մեջ:
Երեկ վարչապետի խոսնակը թերթի հետ զրույցում պնդում էր՝ չվերթը բյուջեի վրա նստել է 0 դրամ: Բայց փաստն այն է, որ իր որոշման մեջ վարչապետը հանձնարարել է բյուջեից գումար տրամադրել, ու նշված չէ, թե ինչքան»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: