«Եկեք՝ այդ «լեդ» լամպեր տեղադրողին Մեսրոպ Մաշտոցի մեդալ տանք կամ արձանը կանգնեցնենք». Նաիրա Զոհրաբյան
«Խղճի ազատության օրենքի հետ կապված «Ծառուկյան» դաշինքը ևս ունի իր լրջագույն վերապահումները, և կարծում եմ՝ շատ զգույշ պետք է լինենք այս օրենքն ընդունելու հարցում՝ հաշվի առնելով վերջին շրջանում Հայաստանում ծայրահեղական կրոնական կազմակերպությունների աճը»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա անդրադարձավ նաև միջհամայնքային միավորումների օրենքի նախագծին՝ նշելով, որ կառավարությունը բերել է հերթական փնթի նախագիծը: Նրա խոսքով՝ նախագծի մի դրույթը հակասում է մյուսին, մեկ այլ դրույթ հակասում է ՏԻՄ օրենքին, իսկ, ընդհանրապես, օրենքի նախագիծը հակասում է սթափ տրամաբանությանը:
«Կառավարության ներկայացուցիչը չկարողացավ որևէ հիմնավոր պատճառ նշել, թե ինչու է այսօր նման հրատապ կարգով անհրաժեշտ գնալ միջհամայնքային միավորումներ ստեղծելու ճանապարհով: Ավելին, անկեղծորեն խոստովանեց, որ համայնքների խոշորացման երկրորդ փուլ գնալ առայժմ դեռ շուտ է, որովհետև մենք չունենք առաջին փուլի տվյալները:
Այսինքն՝ մենք չունենք խոշորացման գոնե մեկ հաջողված պատմություն, բացի նրանից, որ կառավարության ներկայացուցիչն անընդհատ այստեղից ներկայացնում է, որ Դիլիջանում տեղադրել են «լեդ» լամպեր: Հասկացանք: Եկեք՝ այդ «լեդ» լամպեր տեղադրողին Մեսրոպ Մաշտոցի մեդալ տանք կամ արձանը կանգնեցնենք»,- հայտարարեց Ն. Զոհրաբյանը: