ՀՀԿ-ական պատգամավորները փորձում են լուծել սեղմված գազի թանկացմամբ պայմանավորված մարզային ուղևորափոխադրումների խնդիրը
ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավորներն առաջարկում են փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում:
ՀՀԿ խմբակցության անդամ, նախագծի հիմնական զեկուցող Խոսրով Հարությունյանն ասաց, որ Հարկային օրենսգրքով նախատեսված էր, որ պետական կառավարչական մարմինները, ՏԻՄ-երը հանրային ծառայություններ մատուցելիս կամ գործողություններ կատարելիս՝ դառնում են ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) մասով հարկատու:
«ՏԻՄ-երը համայնքային գույքն արդյունավետ օգտագործելու նպատակով կարող են հողը տալ վաձակալության, բայց ՏԻՄ-երը դա անում են համայնքային սեփականությունն արդյունավետ օգտագործելու համար, այլ ոչ թե՝ բիզնես նպատակների համար: Հաշվի առնելով այս մոտեցումը՝ մենք առաջարկում ենք Հարկային օրենսգրքում կատարել համապատասխան փոփոխություն, որով այդ գործողությունները չեն դիտվի՝ որպես ԱԱՀ-ով գանձվող գործունեության տեսակներ, եթե այդ գումարները մուտքագրվում են տվյալ բյուջե»,- նշեց Խ. Հարությունյանը:
Նա ասաց, որ հաջորդ փոփոխությունը, որն իրենք առաջարկում են, վերաբերում է ուղևորափոխադրումների ոլորտում հարկային բեռին. «2018 թվականի հունվարի 1-ից բոլոր ուղևորափոխադրողները տեղափոխվում են արտոնագրային հարկի հարկման համակարգ, այսինքն՝ նրանց վրա տարածվում է ոչ թե հաստատագրված վճարը, որը գործում էր 2017 թվականին, այլ արտոնագրային հարկը: Այդ հարկի դրույքաչափերն իրականում այնպիսին էին, որ ուղևորափոխադրողների, հատկապես՝ միջմարզային ուղևորափոխադրումներ կատարողների համար դրանք առաջացնում էին հարկային բեռի բարձրացում:
Մենք առաջարկում ենք արտոնագրային հարկի դրույքաչափը, փոփոխություն կատարելով, դարձնել այնքան, որ դա լինի նույնիսկ նվազ, քան նրանք վճարում էին 2016-17 թվականներին հաստատագրված վճարով: Դրանով նաև փորձում ենք լուծել այն խնդիրը, որ կարող էր առաջանալ՝ սեղմված գազի սակագնի բարձրացման հետ կապված: Մեր այս օրենսդրական նախաձեռնությունը հնարավորություն է տալիս, օրինակ, միկրոավտոբուսներին՝ ամսական 9000 դրամ նվազ գումար վճարել, քան կարող էին վճարել հուվարի 1-ից գործող օրենսդրությամբ»: