Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ օրում 114 մլրդ դոլար են կորցրել

ԱՄՆ-ի ֆունդային շուկաների՝ փետրվարի 5-ի կտրուկ անկումը հանգեցրել է այն բանին, որ աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ 114 մլրդ դոլար են կորցրել իրենց ակտիվներից: Դա վկայում են Bloomberg Billionaires Index (BBI) ինդեքսի տվյալները, որը հրապարակել է Bloomberg գործակալությունը:

Գործակալության տվյալների համաձայն, այդ օրն ամենից ավելի նվազել է Berkshire Hathaway ներդրումային ընկերության ղեկավար Ուորեն Բաֆեթի կարողությունը. նա կորցրել է 5,1 մլրդ դոլար: Անկման ծավալով երկրորդ տեղն զբաղեցրել է Facebook Inc-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի կարողությունը, որը կրճատվել է 3,6 մլրդ դոլարով:

Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը երրորդ տեղն է զբաղեցրել մեկ օրում կրած կորուստների չափով. դրանք կազմել են 3,3 մլրդ դոլար: Նրանց հաջորդում են՝ Google-ի հիմնադիրներ Լարի Փեյջը եւ Սերգեյ Բրինը, որոնք մեկ օրում կորցրել են 2,3 մլրդ դոլար: Իսկ Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը երկուշաբթի օրը կորցրել է 2,25 մլրդ դոլար:

Bloomberg-ի վարկածով՝ միլիարդատերերի առաջին հնգյակը չի փոխվել. առաջին հորիզոնականում է Բեզոսը՝ 116 մլրդ դոլար կարողությամբ, երկրորդում՝ Գեյթսը՝ 91,6 մլրդ դոլար կարողությամբ, ցուցակի երրորդ տեղն զբաղեցնում է Բաֆեթը՝ 85 մլրդ դոլարով: Չորրորդ հորիզոնականում Ցուկերբերգն է, որի կարողությունը գնահատվում է 74,7 մլրդ դոլար: Ամենահարուստ մարդկանց հնգյակը եզրափակում է Zara բրենդի սեփականատեր Ամանսիո Օրտեգան՝ 74 մլրդ դոլար կարողությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս