Բաժիններ՝

Ցավեր, որոնք չի կարելի արհամարհել

Օրգանիզմը մեզ միշտ նշաններ է ուղարկում, որոնց հաճախ ժամանակին ուշադրություն չենք դարձնում կամ չենք կարողանում ճիշտ մեկնաբանել։ Հիշեք, որ ձեր բոլոր գործողություններն ազդում են օրգանիզմի վրա։ Վաղ թե ուշ այն սկսում է արձագանքել վնասին, որը հասցրել ենք՝ սկսած սխալ սնվելուց՝ մինչև նստակյաց կենսակերպ։ Steptohealth.ru-ն գրում է, որ ասվածը նշանակում է՝ հարկավոր է ուշադիր լինել օրգանիզմի կողմից ուղարկվող նշաններին, որոնք օգնում են շուտ հասկանալ խնդիրը և լուծում գտնել։

Ցավեր, որոնք չի կարելի արհամարհել։ Մենք շատ հաճախ ենք ինքներս մեզ համոզում, որ հարկավոր է պարզապես սպասել, որ ցավը կանցնի ինքն իրեն։ Խոսքը, իհարկե, փոքր խնդիրը չափազանցնելու մասին չէ, բայց հարկավոր է ուշադիր լինել նշաններին և հետևել դրանց «էվոլյուցիային»։ Ցավն օրգանիզմի պաշտպանական մեխանիզմն է, որի նպատակն է՝ ուշադրություն հրավիրել նրա վրա, ինչ կատարվում է, և ստիպել ձեզ զգուշանալ։

Ցավ կրծքավանդակում։ Շնչահեղձությամբ ու տախիկարդիայով ուղեկցվող ցավը կարող է վկայել նախաինֆարկտային վիճակի մասին։ Այն կարող է առաջանալ օրվա ցանկացած պահի։ Եթե ցավը կենտրոնանում է կրծքավանդակի ձախ հատվածում, սա կարող է վկայել մոտեցող սրտի կաթվածի մասին։

Կարդացեք նաև

Կրծքավանդակի աջ հատվածում ցավը կարող է վկայել ստենոկարդիայի, թոքային էմբոլիայի կամ ասթմայի նոպայի մասին։ Հաշվի առեք նաև, որ սրտի հիվանդությունները կարող են ուղեկցվել կոկորդի, ձախ ուսի և ձեռքի, ինչպես նաև որովայնի հատվածում առկա ցավերով։ Այն երբեմն ուղեկցվում է նաև սրտխառնոցով ու գլխապտույտով։

Հոդացավեր։ Որոշ դեպքերում հոդացավերը կարող են վկայել վնասվածքների և տարբեր հիվանդությունների զարգացման մասին։ Եթե հոդերը ցավում են, բորբոքվել են ու ուռել, մաշկին կարմրածություն է նկատվում, խնդիրը կարող է ռևմատոիդ արթրիտը լինել։

Այդ դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը. դա հատկապես վերաբերում է այն դեպքերին, երբ ցավում են ձեռքերը։ Հոդացավերը կարող են վկայել նաև այնպիսի հիվանդությունների մասին, ինչպիսիք են՝

  • սուր ռևմատիկ տենդ
  • հեպատիտ
  • գրիպ
  • հոդատապ
  • օստեոարթրիտ։

Ուժեղ գլխացավ։ Միգրենի առաջացումը կարող է պայմանավորված լինել հոգնածությամբ և լուրջ սթրեսով։ Այս դեպքերում մենք հաճախ ցավազրկողներ ենք ընդունում ու այլևս չենք հիշում խնդրի մասին։ Այս դեպքում անհոգությունը լավագույն լուծումը չէ. գլխացավը կարող է վկայել անևրիզմի առկայության մասին։ Սա ուղեկցվում է նաև սրտխառնոցով, փսխումով, լույսի ու աղմուկի նկատմամբ գերզգայունությամբ։

Սուր ցավեր որովայնի ներքևի հատվածում։ Սա կարող է վկայել ապենդիցիտի մասին։ Որպես կանոն՝ բորբոքման դեպքում առաջանում են սուր ցավեր պորտի շրջանում, որոնք ճառագայթում են դեպի ազդրեր։ Կարող են նկատվել նաև սրտխառնոց, բարձր ջերմություն։ Կանանց շրջանում այս ցավերը կարող են վկայել ձվարանների կիստայի առկայության մասին։

Ալցհեյմերի հիվանդության նշաններ։ Մարդու ծերացումն ուղեկցվում է նրա ինտելեկտուալ կարողությունների նվազմամբ։ Բայց մարդուն կարող են անհանգստացնել մի խումբ խնդիրներ, որոնք հնարավոր չէ բացատրել միայն օրգանիզմի ծերացմամբ։ Ուշադիր եղեք հետևյալ նշաններին՝ մոռացկոտություն, իրավիճակների լուծումները գտնելու դժվարություններ, կողմնորոշվելու դժվարություններ, և այլն։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս