Բաժիններ՝

Հռոմի պապի և Թուրքիայի նախագահի հանդիպումը տևել է շուրջ մեկ ժամ. Rai News

Հռոմի Ֆրանցիսկոս պապն Առաքյալների պալատում ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ինչպես փետրվարի 5-ին հայտնել է Rai News լրատվական ալիքը, նրանց դեմ առ դեմ շփումը տեւել է մոտավորապես մեկ ժամ։

Զրույցի բովանդակությունն առայժմ չի հրապարակվում: Սակայն, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, Էրդողանը մտադիր էր արծարծել Երուսաղեմի հարցը: Ե՛վ Թուրքիայի նախագահը, ե՛ւ քահանայապետը հանդես են գալիս հօգուտ այն բանի, որ այդ քաղաքը մնա երեք կրոնների քաղաք: ԶԼՄ-ներում այս այցը անվանել են պատմական, քանի որ այն դարձել է վերջին 59 տարում Թուրքիայի նախագահի առաջին այցը Վատիկան:

Հռոմի կաթոլիկ եկեղեցու ներկայիս ղեկավարը Թուրքիա առաքելական այց է կատարել 2014 թվականի նոյեմբերին այդ երկրի ղեկավարության հրավերով: Հռոմ Էրդողանի այցն ընթանում է անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում եւ հասարակական ու քաղաքական բողոքների ֆոնին:

Իտալիայի մի խումբ քաղաքական գործիչներ Թուրքիայի ղեկավարին մեղադրում են մարդու իրավունքների խախտման մեջ: «Ազատներ ու հավասարներ» կուսակցության (այն գլխավորում է Սենատի խոսնակ Պիեռո Գրասոն) եւ Իտալիայի լրագրողների միության ներկայացուցիչները դատապարտել են Էրդողանին, որն օրվա ընթացքում հանդիպումներ է անցկացնելու Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնիի եւ նախագահ Սերջո Մատարելայի հետ, մամուլի ասուլիսից հրաժարվելու համար, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս