Ալկոհոլը 7 տեսակի քաղցկեղ է առաջացնում. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախազգուշացում է հրապարակել ալկոհոլի օգտագործման եւ ուռուցքային մի շարք հիվանդությունների միջեւ կապի վերաբերյալ: Այն նվիրված է Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվան, որը նշվում է փետրվարի 4-ին։
Ինչպես նշել են ԱՀԿ-ում, ավելի վաղ գիտնականները պարզել են, որ սպիրտային խմիչքները կարող են առնվազն յոթ տեսակի քաղցկեղ առաջացնել՝ աղիների (հաստ եւ ուղիղ աղիների) քաղցկեղ, կաթնագեղձի, կերակրափողի, խռչակի, լյարդի, բերանի խոռոչի եւ կոկորդի քաղցկեղ:
ԱՀԿ-ն մատնանշումէ, որ ալկոհոլում գլխավոր քաղցկեղածինը էթանոլն է, որը վնասում է օրգանիզմի բջիջները եւ մեծացնում չարորակ նորագոյացությունների առաջացման վտանգը: Ալկոհոլի եւ ծխախոտի միաժամանակյա գործածումը ուռուցքային հիվանդությունների ռիսկը մեծացնում է մի քանի անգամ, ընդգծում են ԱՀԿ-ում:
Կազմակերպությունում նաեւ քաղցկեղի առաջացման հավանականության աճը կապել են օգտագործված սպիրտային խմիչքի քանակության հետ: Այսպես, կանանց մոտ կաթնագեղձի քաղցկեղի ռիսկը մեծանում է 50 տոկոսով, եթե նա օրական խմում է 4 գավաթ գինի, եւ 130 տոկոսով՝ եթե նա օրական խմում է ութ գավաթ գինի:
ԱՀԿ-ն նշել է սպիրտային խմիչքների եւ քաղցկեղի միջեւ կապերի մասին մարդկանց ցածր իրազեկվածությունը: Այսպես, ավելի վաղ բրիտանացի գիտնականների կողմից անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ նման կախվածության մասին գիտի հարցվածների միայն 13 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: