Էրդողանի այցը Վատիկան կուղեկցվի ցույցերով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 5-ին Վատիկանում հանդիպում կունենա կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ:
Հանդիպումը տեղի է ունենալու Վատիկանի գրադարանում: Իտալիայի մայրաքաղաք Հռոմում Էրդողանի այցի առնչությամբ անվտանգության խստացված միջոցներ են ձեռնարկվել: Իտալական լրատվամիջոցների համաձայն՝ Թուրքիայի նախագահի այցի կապակցությամբ երկրում բնակվող քրդերը նախատեսում են բողոքի ցույցեր կազմակերպել:
Այդ պատճառով Էրդողանի հյուրանոցից դեպի Վատիկան տանող ճանապարհահատվածում ժամանակավորապես արգելվել է բողոքի ցույցերի անցկացումը: Հայտնի է, որ Թուրքիայի նախագահի այցի ընթացքում անվտանգության ապահովմանն է կցված ավելի քան երեք հազար ոստիկան:
1959 թվականից հետո Էրդողանը կլինի Թուրքիայի առաջին նախագահը, ով այցելում է Վատիկան: Թուրքիայի և Վատիկանի միջև հարաբերությունները խիստ լարվել էին Հայոց ցեղասպանության հարցի պատճառով: Մասնավորապես այն բանից հետո, ինչ Ֆրանցիսկոս պապը 2015 թվականի ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ: Պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս պապը նշեց, որ 20-րդ դարում տեղի է ունեցել Ցեղասպանություն, որին զոհ են գնացել հայեր, հույներ ու ասորիներ: Պատարագի ընթացում Հայ եկեղեցու սրբերի շարքը դասված Գրիգոր Նարեկացին հռչակվեց Կաթոլիկ եկեղեցու տիեզերական վարդապետ:
2016 թվականի հունիսի 24-ին Հռոմի պապն այցելեց Հայաստան: Երկար սպասված այցելությունն իրականացվեց «Այց առաջին քրիստոնյա երկիր» խորագրի ներքո: Հայաստանում նա այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր, ծաղկեպսակ դրեց հուշակոթողին և աղոթեց: Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում նա գրեց.
«Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս երբեք նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն, որպեսզի մարդկությունը չմոռանա և իմանա չարությունը բարությամբ հաղթել: Թող Աստված պարգևի սիրեցյալ հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին խաղաղություն և մխիթարություն: Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը: Հիշողությունը չի կարելի ոչ պղտորել, ոչ մոռանալ: Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է»: