
ՀԾԿՀ-ն կքննարկի «Արևէկ» արևային էլեկտրակայանի էլեկտրաէներգիայի սակագինը 51.287 դրամ սահմանելու հարցը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փետրվարի 7-ի նիստում կքննարկի «Արևէկ» արևային էլեկտրակայանից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը սահմանելու հարցը:
Նախագծով նախատեսված է սակագինը սահմանել 42.739 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 51.287 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։ Որոշումն ընդունելու դեպքում այն ուժի մեջ կմտնի 2018 թվականի մարտից և կգործի 6 ամիս:
«ԱրևԷկ» արևային էլեկտրակայանը կառուցվել է Տաշիր ընկերությունների խմբին պատկանող «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ-ի կողմից: Այն գործարկվել է նախորդ տարվա սեպտեմբերի վերջին:
Այն որպես առաջին կոմերցիոն էլեկտրաէներգիա արտադրող կայան արդեն իսկ միացված է ՀԷՑ-ին: «ԱրևԷկ»-ը 434,72 կՎտ տեղակայվող հզորությամբ արևային էլեկտրակայան է, որն ըստ նախնական հաշվարկների կարող է արտադրել տարեկան 571.000 կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Ընդ որում էլեկտրակայանը գտնվելու է անընդհատ շահագործման մեջ՝ անկախ տարվա եղանակներից և եղանակային պայմաններից: