Բաժիններ՝

Հարկատուները հայտնվել են անելանելի վիճակում

Տարվա սկզբին, «ավանդույթի» համաձայն, հաշվապահները և տնտեսվարողները կրկին բախվել են հարկային մարմին հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում խնդիրներին:

«Հարկ վճարողների պաշտպանություն» հ/կ-ն, համակարգում առկա խնդիրների բացահայտման նպատակով հունվարի սկզբին Ֆեյսբուք սոցիալական ցանցի հարկային և մաքսային ոլորտին վերաբերող մասնագիտացված խմբում հարցում էր իրականացրել: Հարկ վճարողները ներկայացրել էին նման խնդիրների մի փունջ. համակարգում բացակայում է արտոնագրային վճարի հայտարարության ձևը, հնարավոր չէ ներբեռնել եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկը, չկա հարկային պարտավորությունների էջը, դրոշմապիտակների հայտի ձևը, աշխատողի ընդունման-ազատման հայտը սխալներով է ընդունում այն դեպքում, երբ ակնհայտորեն սխալ չկա, և այլն:

Տնտեսվարողները նշում են, որ դրոշմապիտակների հայտի ձևի բացակայության պատճառով իրենք անելանելի վիճակում են հայտնվել, քանի որ դա ակնհայտորեն խոչընդոտում է ապրանքների իրացմանը: Ընդ որում` տնտեսվարողները վստահ են, որ բոլոր նմանատիպ դեպքերում վարչական և, ինչո՞ւ ոչ, չարամտորեն հարկատուներին վնասելու քրեական պատասխանատվություն է պետք սահմանել օրենքով:

Հ/կ-ի գրության վերաբերյալ ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել, որ նշված ծրագրային խնդիրները շտկվել են դեռևս հունվարի 12-ին, իսկ «Հարկային պարտավորություններ» էջի նոր տարբերակը հասանելի կլինի հարկ վճարողների «Անձնական գրասենյակում» փետրվարի ընթացքում:

Չնայած ՊԵԿ-ի հավաստիացումներին, հարկ վճարողների պաշտպանները պնդում են, որ պաշտոնական տեղեկատվությունը ճիշտ չէ, օրինակ՝ այսօր ԱԱՀ հաշվարկի ամսական ձևը չկա ու հայտնի չէ, թե երբ կլինի, և եթե Ազգային ժողովում նման մոտեցումներն անցնում են, ապա հարկատուների կողմից դա չի ընդունվի:

«Ստիպված ենք լինելու արձագանքել նշված գրությանը, քանի որ խնդիրների կարգավորման ժամկետի վերաբերյալ ՊԵԿ-ի պարզաբանումն առնվազն չի համապատասխանում իրականությանը»,- նշվում է «Հարկ վճարողների պաշտպանություն» հ/կ-ի պատասխանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս